ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Բաքուն օգտագործում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հարցը, որպեսզի խոչընդոտներ ստեղծի բանակցային գործընթացում Ստեփանակերտն ընդգրկելու համար։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Լեռնային Ղարաբաղը երբեք «երկու համայնքներից» բաղկացած չի եղել։ Նույնիսկ խորհրդային տարիներին այն եղել է հայկական ինքնավարություն՝ չնայած ժողովրդագրական համամասնությունը փոխելու ադրբեջանական իշխանությունների փորձերին։ Հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել», – ասաց Նաղդալյանը` հավելելով, որ այդ մասին հայտարարել են թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Իլհամ Ալիևը։
Նաղդալյանի խոսքով` Հայաստանի ԱԳՆ–ն համայնքների հանդիպման մասին խոսակցությունները մտացածին և արհեստական է համարում։
«Նրանց նպատակն է փորձել ազդեցություն ունենալ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վրա»,- նշեց Նաղդալյանը։
Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
Ավելի վաղ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորը հայտարարել էր, որ Փաշինյանը դեմ չէ, որպեսզի բանակցություններին Ալիևի հետ մասնակցեն մարդիկ, որոնք իրենց համարում են Ղարաբաղի ադրբեջանական համայնք։
Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ասել էր` Մոսկվան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղի համայնքների միջև կապերը վերականգնվեն։