Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով

Նախատեսված է, որ մնջախաղի թատրոնի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020–ի վերջին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքը կունենա Գևորգ Քոչար 21 հասցեում. թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հուսով է, որ սա վերջին շենքն է, որը «տրամադրում» են թատրոնի շենքի շինարարությունը սկսելու համար։ Նա այս մասին ասաց լրագրողներին` ցույց տալով տարածքը։

Դեռ 2017–ին մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ այս նույն տարածքը (Գևորգ Քոչար 21) հանձնում է մնջախաղի թատրոնին։ Սակայն հետո պարզվեց, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, և թատրոնի շենքի նախագծով նախատեսված փոփոխություններն անթույլատրելի են։ Մեկ տարի անց` 2018–ին, մշակույթի նախարարությունը հայտարարեց Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը թատրոնին տրամադրելու մասին։ Այս շենքն էլ, պարզվեց, պաշտպանության նախարարությանն էր պատկանում, և ՊՆ–ն չէր համաձայնել այն տրամադրել մշակույթի նախարարությանը։

«Դեռ երկու տարի առաջ` 2017–ի փետրվարին ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Գևորգ Քոչար 21–ը տրամադրում է թատրոնին։ Սակայն դրանից հետո ինչ–ինչ խնդիրներ եղան, ու այդ հասցեում այդպես էլ շինարարություն չիրականացվեց։ Այսօր, սակայն, հենց այդ նույն շենքում մնջախաղի թատրոնի կառուցման շինարարությունն արդեն մեկնարկել է»,–ասաց Դադասյանը։

Նրա խոսքով` 22 տարի է, ինչ սպասում էր այս լուրին։ Դադասյանը հիշեց` այս տարի մի ծրագրով կանանց գաղութ էին այցելել, ու իր դասախոսության ավարտից հետո, երբ ասել է, որ կարող են նաև հարցեր տալ, կանացից մեկը հետաքրքրվել է` թատրոնի շենքի հարցը լուծվե՞լ է, թե՞ ոչ։

Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով

Դադասյանը նշեց, որ ինքն ավելի շատ կուզեր, որ այս տարիներին թատրոնի ստեղծագործական խնդիրների, հաջողությունների մասին խոսվեր, սակայն, մյուս կողմից, շենքի խնդրի մասին չբարձրաձայնել էլ չէին կարող։

Երևանի սրտում` լքված ու մեռյալ վիճակում. «Մանկական աշխարհը» մեկ տարում կվերակառուցվի՞

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանն էլ ասաց, որ ներքին պայմանավորվածություն են ունեցել Դադասյանի հետ, որ մինչև շինարարական աշխատանքները չմեկնարկեն, թատրոնի շենքի կառուցման մասին չեն խոսելու։ Նրա խոսքով` նախատեսված է, որ թատրոնի շենքի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020–ի վերջին։

«Թատրոնի շենքի կառուցման մեկնարկը սկսում ենք ոչ թե ժապավենով կամ բանալի հանձնելով, այլ մուրճի հարվածով։ Փաստորեն, ստացվում է, որ այս տարածքում կլինեն դրամատիկական, մնջախաղի, կամերային, խամաճիկների, մի քիչ էլ ներքևում`տիկնիկային թատրոնները։ Այսինքն` այս տարածքը դարձնում ենք թատերական միջավայր»,–ասաց նա։

Անդրադառնալով նախկինում հնչող կարծիքներին, որ տարածքում գտնվող շենքի մի հատվածը պատմամշակութային հուշարձան է, և չի կարելի արտաքին որևէ փոփոխություն կատարել` Խզմալյանը նշեց, որ շինաշխատանքներն այնպես են նախատեսված, որ կարգ չի խախտվելու։

Խզմալյանը հայտնեց նաև, որ թատրոնի շենքի կառուցման համար այս տարի հատկացվել է 46 մլն դրամ, իսկ հաջորդ տարի ևս 166 մլն դրամ կտրամադրվի։

Հիշեցնենք, որ մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974-ին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983–ին։ Թատրոնն այժմ իր գործունեությունն է ծավալում պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում` դահլիճը վարձակալությամբ շաբաթական մեկ օրով վերցնելով բեմադրությունների համար։

Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա