Կառավարությունը երկարացրեց ատոմակայանի վարկային համաձայնագրի ժամկետը

2020թ–ից նախատեսված վարկային մարումները հետաձգվում են։ Ատոմակայանի հիմնանորոգումը չի ավարտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայկական ատոմակայանի վերանորոգման ավարտը հետաձգվեց ևս մեկ տարով։ Այս մասին որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՌԴ դեսպանը Մեծամորի ատոմակայան են այցելել. տեսանյութ

Գործադիրն առանց քննարկման համաձայնություն տվեց ` ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու առաջարկին։

Կամ մենք էինք խելացի, կամ Աստված մեզ ցույց տվեց ատոմակայանի կառուցման ճիշտ տեղը. Պետրոսյան

«Ծրագրի շրջանակում կատարված համալիր հետազոտության արդյունքների և էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել է, որի արդյունքում հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետները դուրս են եկել 2015թ. փետրվարի 5-ի համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից»,– նշված է կառավարության որոշման մեջ։

Նշենք, որ այդ ժամկետը 2019թ–ի դեկտեմբերի 31–ն է, որից հետո, ըստ համաձայնագրի, Հայաստանը պետք է սկսեր մարել վարկը։ Նոր ժամկետ է սահմանվում 2021թ–ի դեկտեմբերի 31-ը։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

Հայկական ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը (300 մլն ԱՄՆ դոլար, որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) ուժի մեջ է մտել 2015 թվականի մայիսի 12-ին:

Հիշեցնենք` ատոմակայանի հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմի» կառավարման ներքո գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Ֆինանսավորման համաձայնագիրը կնքվել է 2014 թվականին։ Նախատեսվում էր, որ աշխատանքն ավարտվելու է մինչև 2019 թվականի վերջը։

Նշենք, որ անցած տարվանից սկսած՝ ԱԷԿ-ում փոխում են գեներատորներով տուրբինները։ Հաջորդ տարի ուզում են ամրացնել ռեակտորի մետաղական պատը, որի վրա թրծում կկատարվի։

Վերանորոգումից հետո ՀԱԷԿ–ը տարեկան մի քանի հարյուր միլիոն կվտ/ժ ավելի շատ էներգիա է արտադրելու, ինչը թույլ կտա մարել վարկը։

Ատոմակայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35-40%–ը։ 2017 թվականին կայանը մոտ 2,4 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա է արտադրել` Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե 38%–ը։ Հիմա կայանը հիմնանորոգվում է, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2026 թվականը։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում