ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և նրան հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
«Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով»,–ասված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում:
Գարեգին Բ–ն նշել է, որ ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Սահակ Մաշալյանը մանկուց կրթվել ու դաստիարակվել է աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ:
Նա հիշել է տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև Մաշալյանի` եպիսկոպոսական բարձր իշխանությունը ստանձնելը: «Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում»,–ասված է շնորհավորանքում:
Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը
Վեհափառ հայրը նշել է, որ աղոթում են, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի նորընտիր պատրիարքին՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների:
Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը
Գարեգին կաթողիկոսն ընդգծել է, որ սիրով սպասում են՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11–ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: