Թող իշխանությունը ժողովրդի հաշվին «ձեռք չմեկնի» ՍԴ–ին. պատգամավոր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի ընդունումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քննադատել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը «ձեռք է մեկնել» Սահմանադրական դատարանի անդամներին։

Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծը։ Նախագծին կողմ քվեարկեցին 82 պատգամավոր, դեմ` 34։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով այդ մասին, ասել էր, որ իշխանությունը «ձեռք է մեկնել» ՍԴ անդամներին։

«Թոր իրենց հաշվին «ձեռք մեկնեն», ոչ թե Հայաստանի հարկատուների։ Հասկանալի է, որ ժողովուրդն ընտրել է այս կառավարությանը, բայց նրանց առջև խնդիր չի դրվել քաղաքացիների հաշվին «նախորդ ռեժիմի» դատավորներին թոշակի ուղարկել», – ասաց Սիմոնյանը։

Բացի դրանից, պատգամավորի խոսքով, ՍԴ անդամները պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են, իսկ նրանց փաստացի առաջարկում են գումարի դիմած վաճառել մասնագիտական բարոյականությունը։

«Բարոյական տեսանկյունից սա շատ խնդրահարույց հարց է։ Հույս ունեմ` ոչ մի դատավոր այս «մեկնած ձեռքը» չի սեղմի», – ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ նախագիծը հասարակական ու քաղաքական իրարանցում է առաջացրել, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ օրենքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու նպատակ ունի։