Հայտնի է` ումից են ոստիկանության ծառայողները մահակով ու բռնությամբ ցուցմունք կորզել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունն արդեն հարցաքննել է աղմկահարույց տեսանյութում երևացող տղամարդուն, որին ծեծում են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Մահակով ու բռնությամբ ցուցմունք կորզելու աղմկահարույց տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը հայտնի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Պարզվել է տուժողի ինքնությունը, ինչպես նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Տուժողը հարցաքննվել է։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ»,-ասաց նա` հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել։

Հիշեցնենք, որ համացանցում նոյեմբերի 23–ին տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Մահակով ցուցմունք կորզողներից երկուսը ոստիկանության նախկին աշխատակից են

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 26–ին հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2008-10 թթ. և այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածն ընդունված չէր (309 պրիմ 1)։

Պարզվել էր նաև, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։