Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Բարձր է հավանականությունը, որ հաջորդ տարի տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Hraparak.am–ին այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը, մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Այս ամենը բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով»,–ասել է նա։

Քոչարյանի խոսքով` շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի. կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից և վճռականությունից։

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: Ըստ նրա` «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի և գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: «Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության և տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ»,–ասել է նա ու հավելել, որ այնպիսի զգացողություն է, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:

«Կարևոր է, որ 1 անձի հանդեպ հիասթափությունը չբերի հեղափոխությունից հիասթափվելուն». Բոզոյան

Ի դեպ, նոյեմբերի 15–ին նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջին համաժողովն անցկացրեց։ «Վերնատան» հիմնադիր, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ակումբն իր շուրջը կհավաքի մեծ թվով փորձագետների ու քաղաքական գործիչների։ Նրա խոսքով` ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրեր, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

Նշենք, որ Քոչարյանը լրատվամիջոցի հարցերին պատասխանել է գրավոր, քանի որ նա այժմ կալանավայրում է։

Հիշեցնենք` «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: