Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Այս մասին Hraparak.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

«Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից»,–ասել է նա։

Քոչարյանի խոսքով` Փաշինյանի լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա, ըստ Քոչարյանի, ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան:

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին հայաստանյան իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե իհարկե այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։

«Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը»,–նշել է նա։

Քոչարյանի խոսքով` ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Բացի այդ, ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Քոչարյանի համոզմամբ` այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Նրա գնահատականով` տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ հաղթել ենք:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

«Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ: Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ` Հայաստանի վարչապետի քմահաճույքներին»,–ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նշել է, որ այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ, ըստ Քոչարյանի, պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ։ Նա հույս ունի, որ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին էլ լինելու է։

Գյումրիում բերման են ենթարկել «Շեկոյին». պատճառը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսա՞կն է

Նշենք, որ Քոչարյանը լրատվամիջոցի հարցերին պատասխանել է գրավոր, քանի որ նա այժմ կալանավայրում է։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: