ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները 18 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ կողմ են քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Քվեարկությունից հետո միջնորդությունն ուղարկվել է Սենատի ընդհանուր դիտարկմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն A haber հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի՝ սպառնալով փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական համակարգերի գնումը քաղաքական հարց չէ, քանի որ Թուրքիան մինչ այդ դիմել էր ԱՄՆ-ին և Ֆրանսիային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու առաջարկով, սակայն նրանք գործարքի չէին գնացել։ Եթե վատ սցենար լինի, և ԱՄՆ - ն պատժամիջոցներ սահմանի, ապա օրակարգում կարող է հայտնվել Ինջիրլիք և Քյուրեջիք բազաների հարցը», - ասել Է Չավուշօղլուն։
Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը
Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Անկարան ռուսական կործանիչները դիտարկում է ամերիկյան F-35 կործանիչների այլընտրանք, եթե հանկարծ Վաշինգտոնը հրաժարվի մատակարարումներից:
Նշենք, որ այս տարվա հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պայմանագիր են ստորագրել, դրանք սպառազինության մեջ կհայտնվեն 2020 թվականի ապրիլին:
Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել
Մատակարարումները Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ են առաջացրել։ Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից ու փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները ՝ սպառնալով չեղարկել Անկարային F-35 կործանիչների վաճառքը և պատժամիջոցներ սահմանել: Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։