Խաբված զբոսաշրջիկները փոխհատուցման հույս չունեն. մեղադրյալը որևէ գույք չունի

55 տուժողները պարզել են դատարանի որոշումից հետո էլ իրենց գումարները հետ չեն ստանա։ Ավելի քան 40 մլն դրամ հափշտակած տուրիստական գործակալության աշխատակցուհին իր անունով ոչ մի գույք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Տուրիստական գործակալության աշխատակցուհու գործողություններից տուժած քաղաքացիները փոխհատուցում ստանալու հույս չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուժող Աննա Հայրապետյանը։

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Ֆինանսական փոխհատուցման հույս չունեմ, ու շատ շատերը չունեն։ Մենք տուժողներով բավականին սերտ կապի մեջ ենք, պարբերաբար հանդիպում, շփվում ենք։ Բայց մեզ համար պարզից էլ պարզ է, որ փոխհատուցման որևէ հույս չպետք է ունենալ, քանի որ գործի նախաքննության ընթացքում արդեն պարզ էր, որ Աննա Սահակյանն իր անունով անշարժ գույք չունի»,– ասաց մեր զրուցակիցը։

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ տուրիստական գործակալության աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Մեղադրյալ 24-ամյա Աննա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել 55 ՀՀ քաղաքացիներին խաբելու, նրանցից 40 526 125 ՀՀ դրամ հափշտակելու և յուրացնելու համար։

Մինչ քննչական մարմինը զբաղված էր քրեական գործի քննությամբ, տուժողները սեփական հետաքննությունն են իրականացրել, կապ հաստատել Աննա Սահակյանի ծնողների, արդեն նախկին ամուսնու ու նրա ընտանիքի անդամների հետ։

«Մեզ պարզ և հասկանալի ասել են, որ Աննա Սահակյանի գործողությունների համար պատասխանատու չեն, հետևաբար այդ հարցով մեզ մի էլ փորձեք դիմել»,– ասաց Հայրապետյանը։

Կողոպուտ Հայաստանում. փակել են տարեց կնոջ բերանն ու գողացել նրա խնայած փողերը

Նրա տեղեկություններով` Աննա Սահակյանի գործունեությունից տուժողների իրական թիվն անցնում է գործով տուժող ճանաչված 55–ից, պարզապես որոշ քաղաքացիներ հրաժարվել են գործում  ներգրավվել` ի սկզբանե հույս չունենալով վերադարձնել իրենց գումարները։

«Միանշանակ յուրացված գումարը այդ 40 մլն–ից շատ ավելի մեծ է, տուժողներն էլ վստահաբար շատ ավելի շատ են»,– ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանն ամառային հանգիստն ամուսնու հետ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացնելու նպատակով տուրիստական փաթեթի պայմանագիր էր կնքել «Travelan» տուրիստական ընկերության աշխատակից Աննա Սահակյանի հետ 2019թ–ի ապրիլին` վճարելով 1100 դոլարին համարժեք դրամ։

Խոշոր կողոպուտ Երևանում. վերելակի մոտ կանգնած տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Խաբեության բացահայտումից հետո Հայրապետյանն առաջիններից էր, որ ահազանգել էր հանցագործության մասին, բողոք ներկայացրել իրավապահներին։ Նրա խոսքով` կորցրած գումարը վերադարձնելուց զատ, ինքն ի սկզբանե նաև նպատակ է ունեցել կանխելու նման դեպքերի կրկնությունն ապագայում։

«Երբ մենք պայքարում էինք, լրատվամիջոցներին էինք հարցազրույց տալիս, անգամ կառավարության դիմաց հասանք մեր բողոքի ակցիայով, մի նպատակ ունեիք, որ այլևս ոչ ոք չտուժի այնպես, ինչպես մենք տուժեցինք։ Գոնե ինձ համար պայքարի նպատակն այն էր, որ ես լինեի ոչ առաջին, բայց վերջին տուժողը»,– ասաց Հայրապետյանը։

Ինչով կավարտվի Ծառուկյան-Քննչական կոմիտե «պայքարը». հարցաքննության հարցը չի լուծվում

«Travelan» տուրիստական գործակալությունից խաբվածներին ավելի ուշ միացան նաև այլ տուրիստականներից տուժածները։ Եգիպտոսում հանգստացող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ամռանը մնացին օտար երկրում, քանի որ տեղական ավիաընկերությունը հայտարարեց, որ նրանց անուններով հետադարձ տոմսեր չեն ամրագրվել։ 

Սեփական տխուր փորձից հետո Հայրապետյանն այսօրինակ լուրերին ավելի ուշադիր է հետևում ու հանգել է այն եզրակացության, որ քանի դեռ օրենսդրական դաշտում փոփոխություններ չեն արվել, զբոսաշրջիկներին խաբողներ էլի են լինելու։

Հիշեցնենք` այս տարվա մայիսին Sputnik Արմենիան անդրադարձել էր Աննա Սահակյանից խաբված քաղաքացիների բողոքներին։

Նրանցից շատերը միայն Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց ընդամենը ժամեր առաջ էին պարզել, որ իրենց գնած զբոսաշրջային փաթեթն ու ավիատոմսերը կեղծ են։

Կեղծ ավիատոմսերի տերերը փորձել էին կապ հաստատել նաև Դուբայի այն հյուրանոցի հետ, որտեղ իբր ամրագրված էին իրենց տեղերը։ Հյուրանոցից պատասխանել էին, որ նման անուններով ամրագրումներ չկան։

Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը փնտրում են օծանելիքի գողին. տեսանյութ

Ավելի ուշ Մաշտոցի 18 հասցեում գտնվող «Travelan» տուրիստական ընկերության գրասենյակը փակվել էր, իսկ Իտալիա, Կուբա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ, ԱՄՆ և այլ երկրներ մեկնելու համար միլիոնավոր գումարներ վճարած քաղաքացիները ստիպված դիմել էին ոստիկանություն` իրենց գումարները վերադարձնելու հույսով:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աննա Սահակյանը էլեկտրոնային կեղծ հասցեներով տարբեր հյուրանոցներում ու ռեստորաններում ամրագրումներ է կատարել, կեղծ ավիատոմսեր ներկայացրել քաղաքացիներին ու այդ կերպ 55 հոգուց 40 526 125 ՀՀ դրամ հափշտակել։