ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) գրոհայինները տարածվում են ամբողջ Մերձավոր Արևելքով։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է ԱՄՆ–ում անցկացրած բանակցություններն ամփոփելիս։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Լավրովը նշել է, որ ահաբեկչական խմբավորումը փաստացի հսկողության տակ է առել Իդլիբի դեէսկալացիայի գոտին։ Ավելին, գրոհայիններն այնտեղից հարվածներ են հասցնում սիրիական զորքերի դիրքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Խոսելով Սիրիայում Անկարայի գործողությունների մասին` Լավրովը նշել է, որ թուրքական կողմը դեռ չի կարողանում կատարել իր պարտականություններն ու առանձնացնել զինված ընդդիմությունը, որը ահաբեկչություն չի արել, «Ջեբհաթ ան Նուսրայի» (որն այժմ կոչվում է «Հայաթ Տահրիր Աշ Շամ») գրոհայիններից։
ԱՄՆ–ում ՌԴ արտգործնախարարի անցկացրած բանակցությունների ժամանակ Սիրիայի թեման մանրամասն քննարկվել է։
«Մենք մանրամասն քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը, նաև այն, ինչ կատարվում է Եփրատի ձախ ափում, որտեղ ԱՄՆ–ն իր գլխավորած կոալիցիայով (որին ոչ ոք Սիրիա չէր հրավիրել) ակտիվորեն զբաղվում է տեղի ժողովրդի կյանքի բարելավմամբ` հիմնվելով քրդական ձևավորումների վրա ու մի շարք դեպքերում առճակատում առաջացնելով քրդական և արաբական ցեղերի միջև», – նշել է Լավրովը»։
«Իրականում». Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի պարագայում Մոսկվայի հետ արդեն ստիպված են հաշվի նստել
Նրա խոսքով` ռուսական կողմն առաջարկել է ԱՄՆ–ին լուծել արևելյան ափի խնդիրները Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության իրականացման միջոցով։
Քրդերը Թուրքիային սպառնացել են պատերազմով
Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս։