ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինները Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին արտահանձնելու մասին որոշում են կայացրել։ Facebook–ում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը»,– գրել է նա:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:
Հիշեցնենք` ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին է, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։
«Ամեն մեկը փախնում է իր գյորա». Արթուր Դավթյանը` դրսում հայտնված նախկին պաշտոնյաների մասին
2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: