ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ և փոխադարձ մեղադրանքներով

Կառավարությունը ՍԴ դատավորների կենսաթոշակի մասին օրենքի փոփոխության համար հատուկ ընթացակարգ էր սահմանել, որը ենթադրում է, որ երկրորդ ընթերցմամբ այն պետք է քննարկվի առաջին ընթերցման ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ–ի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 27-ը, ձեռնպահ` 3-ը։ Երկրորդ ընթերցմամբ նախագիծը կքննարկվի վաղը` դեկտեմբերի 11-ին, ժամը 10։00–ին։

Բանն այն է, որ օրենքի փոփոխությունները նախաձեռնած կառավարությունը նախագծի քննարկման համար հատուկ ընթացակարգ էր սահմանել, որը ենթադրում է, որ երկրորդ ընթերցմամբ այն պետք է քննարկվի առաջին ընթերցման ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան

Մինչ այդ նախագծի քննարկման ընթացքում քաղաքական ուժերը բուռն քննադատության ենթարկեցին միմյանց։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» իշխանական ուժին մեղադրեցին նախագծով ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր լուծելու համար։ Իսկ «Իմ քայլը» ընդդիմությանը պատասխանեց երկու քաղաքական ուժերի անցած ճանապարհի մասին ակնարկներով։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որտեղ վերջինը հայտարարեց, թե պետությունը պատրաստ է իր քաղաքական հարցերը լուծելու համար Հրայր Թովմասյանին ու ՍԴ մնացած 6 դատավորներին տարեկան ավելի քան 600 մլն դրամի թոշակ տալ, բայց դպրոցների նորոգման համար գումար չունի։

Նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը հասարակակա՞ն է, թե՞ լոկ քաղաքական. Ղազարյան

«Այո, դպրոցներն այդ վիճակում են, բայց ինչո՞ւ են այդ վիճակում։ Այն պատճառով, որ դուք այստեղ նստած «Հանրապետականի» հետ «կնոպկա» էիք սեղմում»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ Հայաստանում վհուկների դեմ պայքար է սկսվել և այն հասցվելու է ցանկալի ավարտին։

Արդարադատության նախարարը պատրաստ է թոշակի գնալ. Բադասյանն ասել է` որ դեպքում

«30 տարի հասարակությունը սրտատրոփ սպասում է` երբ է Հայաստանում հայտնվելու ուժեղ ձեռք, արդար ուժ, որը կսրփի, կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, կեղեքում, թալանում եմ ՀՀ բնակչությանը»,– ասաց նա։

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթը հասցեագրեց անձամբ Նաիրա Զոհրաբյանին ու անդրադարձավ նրա հիշատակած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի կիսավեր դպրոցին։

«Այդ մարդիկ գիտե՞ք ինչու են թշվառ ապրում։ Որովհետև նրանց մի մասը բատրակ են աշխատել, որովհետև այնտեղ եղել է մարդ, ով առել է իրենց իսկ հողը և այդ հողի վրա կարտոֆիլ աճեցնելու համար մարդկանց օրավարձ է տվել» ,– ասաց պատգամավորը։

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ամփոփելով փոխադարձ մեղադրանքներով հագեցած քննարկումները և դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, նշեց, որ վաղ կենսաթոշակի դրույթ այսօր էլ նախատեսում է ՍԴ մասին օրենքը, մինչդեռ նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Գորգիսյանն այդ օրենքի քննարկման ժամանակ դրան դեմ չէին արտահայտվել։

Հիշեցնենք` նախագիծը նախատեսում է ՍԴ դատավորների կամավոր թոշակի անցման դրույթ, որի դեպքում նրանց վճարվելու է ներկայիս ամսական աշխատավարձի չափով կենսաթոշակ` ավելի քան 1 մլն դրամ։