ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ»,– գրել է նա:
Ըստ Փաշինյանի` շատ հետաքրքիր է հոկտեմբերի 74 հազար 969-ի և նոյեմբերի 81 հազար 534-ի բաշխվածությունը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի:
Վարչապետը նշել է նաև, որ հոկտեմբերի 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխվածությունը հետևյալն էր. 30.4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնվել է մինչև 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 68.9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:
Մարզամշակութային կենտրոնների մոտ 5000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան
Նոյեմբերի 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխվածությունը հետևյալն է. 28.5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնվում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 70.8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնվում է 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:
«Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերվում է IT ոլորտին»,– գրել է Փաշինյանը:
Վարչապետը հետգրությամբ նշել է, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերն ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա, ըստ Փաշինյանի, չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը հաշվարկում են 2018 թվականի մայիսից, այսինքն՝ «թավշյա հեղափոխության» հաղթանակից:
Փաշինյանը վստահեցրել էլ, որ նոր աշխատատեղերի ի հայտ գալու գործընթացը շարունակվելու է:
Աշխատավարձերի վարկանիշն ԱՊՀ–ում. Հայաստանը 5-րդ հորիզոնականում է