Մահացել է «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Լեգենդար ֆուտբոլիստի անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը։

Լեգենդար ֆուտբոլիստի անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 3 թեկնածու է առաջադրվել. ու՞մ են մերժել և ինչո՞ւ

Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Սուրեն Մարտիրոսյանը ծնվել է 1949թ.-ի մարտի 18–ին Երևանում։ Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել 1966–77թթ., ապա խաղացել է Ստեփանակերտի «Ղարաբաղում»։

Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում

1987–89թթ. եղել է Երևանի «Արարատի» մարզիչը։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։