ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Երևանում բացառիկ Ամանոր է լինելու։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում ամանորյա միջոցառումների վերաբերյալ: Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»,–գրել է նա։
Նրա խոսքով` ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ խնդիր էր դրել այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և կարծես խնդիրը լուծվել է։
Փաշինյանը խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, հայացքներն ուղղել Երևանին: Բացի այդ, սփյուռքի հայրենակիցներին ու ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին նա նույնպես խորհուրդ է տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:
«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։
Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը