ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ծննդյան օրվան ուղղված շնորհավորանքների համար։ Վանեցյանն այս մասին գրել է Instagram–ի իր էջում։
Արթուր Վանեցյանը պատասխանել է Սորոսի հիմնադրամի տնօրենին
«Հարգելի Ռամզան Ահմադի, սիրելի եղբայր, շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր ունեցած ներդրման համար։ Թող բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8–ին Վանեցյանի ծննդյան օրն էր, և Կադիրովը Instagram–ի իր էջում շնորհավորել էր նրան ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։ Կադիրովը գրել էր, որ համոզված է` Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։