Ադրբեջանում գերեվարված հայերի ճակատագիրն են քննարկել Տոնոյանը և ԿՄԽԿ ներկայացուցիչները

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերն են քննարկել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությունը:

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ գերիների և երկու երկրների տարածքում մյուս երկրի դատապարտված քաղաքացիների համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Ձերբակալվածների վերադարձը քայլ էր Ադրբեջանի կողմից, Ղազարյանի հարցը բարդ է. Ալավերդյան

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։

Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ

Հիշեցնենք նաև, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։