ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվան կերկարացնի Հայկական ԱԷԿ վերանորոգման վարկը։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10–ին, լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ռուսական կողմի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն։ Մենք կքննարկենք այդ հարցը Հայաստանի կառավարության առաջիկա նիստում», – ասաց նախարարը։
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
Վարկի վճարումները կսկսվեն մեկ տարի ուշացումով` 2021թ–ից։ Մինչև այդ կայանի վերանորոգման բոլոր աշխատանքները կավարտվեն։ Դա թույլ կտա սկսել վճարումները, որովհետև դրանց համար ռեսուրս պետք է դառնան հենց ԱԷԿ լրացուցիչ եկամուտները։
Նոր սարքավորման շնորհիվ վառելիքի նույն ծավալից կայանը 10 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի, քան հիմա։
Ի սկզբանե վերանորոգումը ծրագրվել է ավարտել մինչև 2020թ–ը, բայց աշխատանքների ժամանակացույցում որոշել են ևս մեկ միջոցառում ավելացնել ` ռեակտորի մետաղական կորպուսի թրծում։
Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար
Հնարավոր է, այդ դեպքում կայանը կկարողանա աշխատել նաև 2026թ–ից հետո, որը նշվել է որպես կայանի աշխատանքի վերջնաժամկետ։
«Առաջ չընկնենք, բայց ատոմակայանն ավելի երկար կծառայի, քան նախատեսվել է նախկինում», – նշեց Պապիկյանը։
Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։
Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում
2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա տեսականորեն կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը նաև 2027 թվականից հետո։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։