Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան

Մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե որ կառույցներն են զբաղվում երեխաների որդեգրման գործընթացով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատները ոչ մի առնչություն չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը։

Երեխաների որդեգրման խնդիրները և ռիսկերը կքննվեն միջգերատեսչական աշխատանքային խմբում

Հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 28–ին տեղեկացրել էր, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում խնամքը ստանձնելու պատրվակով երկու երեխայի վաճառքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևանի` 1976թ.–ին ծնված բնակիչ։

«Որդեգրման պրոցեսն ընթանում է իրավապահների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատան և այլ կառույցների կողմից»,–ասաց նա։

Հարցին, թե ըստ տարածված լուրերի` նորածինների ապօրինի որդեգրման դեպքեր են արձանագրվել նաև պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` Հանրապետական ծննդատանը, Աբրահամյանը կրկին պատասխանեց, որ ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման գործընթացի հետ։

Գյումրեցիները ճիշտ էին, Մարինան՝  սխալ. դատախազը հերքում է երեխաներին վաճառելու լուրը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Այդ երեխաներին Հայաստանում ոչ ոք չի ուզում որդեգրել. ի՞նչ հետևանք կունենա ԱԱԾ բացահայտումը

Մասնավորապես, 2009թ.–ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում ծնողը հայտնել է, որ գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։