Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է։ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ ենք դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,– տեսանյութին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան դեկտեմբերի 9-ը հռչակել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: 1948-ի նույն օրը իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

Բանաձևն ընդունվել է 69-րդ համագումարի 103-րդ նիստի ժամանակ կոնսենսուսի հիման վրա. այն հաստատել են Ասամբելայի 80 անդամ երկրներ:

«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին