«Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի` ՊՆ–ի մրցույթում հաղթելը չի բողոքարկվել. Բալայան

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ դիզելային վառելիքի մատակարարման մրցույթի անցկացման բոլոր ընթացակարգերը պահպանվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում «Գազօիլ» ընկերության հաղթող ճանաչվելը ոչ ոք չի բողոքարկել։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Նախաձեռնությունը Հայաստանի համար չէ». Բալայանը` պատգամավորի աղմկահարույց առաջարկի մասին

Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարտավոր է լսել Սերժ Սարգսյանին

«Հետքը» գրել էր, որ Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերության իրական սեփականատերը 2018թ.–ի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Պայմանագրով «Գազօիլը»  նախարարությանը պետք է մատակարարի դիզելային վառելիք։

«ՊՆ–ն գործում է օրենքով ու կառավարության որոշմամբ սահմանված իրավակարգավորման շրջանակում։ «Գազօիլը» մրցույթին մասնակցող միակ կազմակերպությունը չի եղել, և կարող էին համապատասխան ընթացակարգերով բողոքարկել, եթե կարծում էին` կոռուպցիոն ռիսկեր կան։  Որևէ բողոքարկում չի եղել, ինչի՞ մասին է խոսքը»,–ասաց փոխնախարարը։

«ՊՆ–ն է տապալել տենդերը». փաստաբանը` ձախողված հայ–ռուսական գործարքի մասին

Նկատառմանը, թե ինչո՞ւ է այդ դեպքում հրատապ կարգով անցկացվել մրցույթը` Բալայանն արձագանքեց, որ ԶՈՒ կարիքները որոշակի առումով հրատապություն են պահանջում։ Նրա խոսքով` ցանկացած նման գործարք վերահսկվում է մի քանի մարմինների կողմից, ու որևէ մարմին խախտում չի արձանագրել։ Բալայանը վստահեցրեց, որ մրցույթի անցկացման բոլոր ընթացակարգերը պահպանված են։

Հիշեցնենք, որ Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Մուրադյանը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ պետի խորհրդական։