Երևանի սրտում` լքված ու մեռյալ վիճակում. «Մանկական աշխարհը» մեկ տարում կվերակառուցվի՞

Քաղաքապետարանը շինարարություն իրականացնելու թույլտվությունը 3 տարով է տվել, դեռ պարզ չէ` ընկերությունը կհասցնի մինչև սահմանված ժամկետի ավարտը` 2020թ.–ի դեկտեմբերի 1–ը, շինարարություն անել, թե ոչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում գտնվող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի վերակառուցման համար «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը 1 տարի ժամանակ ունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Մանկական աշխարհից մինչև մոլ. խորհրդային մանկության անմոռանալի Ամանորը

Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 1935թ.–ին Երևանի կենտրոնում` Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցի սկզբնամասում` որպես քաղաքային կենտրոնական հանրախանութ: Հանրախանութը բացվել է 1937թ.-ին: Շենքի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը:

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 9

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութն այժմ «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականությունն է։ Ընկերության գլխավոր տնօրենը Սերյոժա Աբրահամյանն է` Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը։ Մինչ օրս, սակայն, տարածքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում, և շենքն այդպես էլ չի վերակառուցվում։ Քանի որ քաղաքապետարանը 2017թ.–ի դեկտեմբերի 1–ին 3 տարով է ընկերությանը շինարարություն իրականացնելու թույլտվություն տվել, դեռ պարզ չէ` ընկերությունը կհասցնի՞ մինչև սահմանված ժամկետը` 2020թ.–ի դեկտեմբերի 1–ը, շինարարություն անել, թե ոչ: Այնուամենայնիվ, ինչպես 2019թ.–ի փետրվարի 12–ի ավագանու նիստի ժամանակ ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շենքը «մեռյալ» վիճակում է։

«Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի հարևանությամբ՝ Արամի 32 հասցեում, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ–ին պատկանող տարածքի վրա բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար դեռ 2018թ.–ի հունիսի 1–ին Երևանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ Սակայն մինչ օրս քաղաքապետարանը կառուցապատողի կողմից համաձայնեցման նախագիծ չի ստացել»,–հայտնում են քաղաքապետարանից։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2019թ.–ի փետրվարի 12–ին Երևանի ավագանու նիստի ժամանակ Մարությանը հայտնել էր նաև, որ ի ուրախություն երևանցիների` «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում 160 տեղանոց ստորգետնյա կայանատեղի կա։ Մարությանի խոսքով` իրենք պայմանավորվում են առաջիկայում այն շահագործման հանձնելու համար: Ավելին, այնտեղ ևս 200 ավտոմեքենայի կայանատեղի ավելացնելու հնարավորություն կա։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր` կայանատեղիի հետ կապված կա՞ հստակ ժամկետ, թե երբ այն կշահագործվի։ Սակայն քաղաքապետարանից պատասխանել էին, որ կայանատեղի կա ոչ թե «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում, այլ Հյուսիսային պողոտայի Պ-3 հատվածում (Պ-3–ը Հյուսիսային պողոտայի` Պուշկինից Աբովյան փողոցների հատվածն է)։ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հյուսիսային պողոտայի ընդհանուր կառուցապատման ծրագրի Պ-3 հատվածում կառուցված է երկու ստորգետնյա հարկերով ավտոկայանատեղեր»,–հայտնում են քաղաքապետարանից։

ԵԱԶԲ–ն կմասնակցի Երևանի կենտրոնում Եվրասիական բիզնես կենտրոնի շինարարությանը

Նշենք նաև, որ դեռ ապրիլին Sputnik Արմենիան դիմել էր նաև «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ–ին` հասկանալու համար, թե երբ են նախատեսում սկսել շինարարական աշխատանքները, և ինչ ճակատագրի է արժանանալու շենքը։ Ընկերությունից պատասխանել էին, որ 2001թ.–ից «Սոգլասիե-Արմենիան»  Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, այդ թվում` շինարարության ոլորտում, ղեկավարվում է գործող օրենսդրությամբ և պահպանում բոլոր ընթացակարգերն ու ժամկետները` բարեխղճորեն կատարելով հարկային և այլ պարտավորությունները։ Այլ մեկնաբանություն չէին տվել։ Ի դեպ, այսօր էլ, երբ փորձեցինք հասկանալ, թե ինչ ճակատագրի կարժանանա շենքը, ասացին, որ մեզ արդեն պատասխանել են։

Ո՞վ կենթարկվի պատասխանատվության. Արամի 9–ի ֆասադը` քանդված շենքի լուռ վկա

Հիշեցնենք, որ Սերյոժա Աբրահամյանը 2003թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 54 ընտրատարածքից և որևէ խմբակցությունում ընդգրկված չի եղել։ 2007թ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով` «Օրինաց երկիր» կուսակցությունից: