Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Հանրության առողջությունը, անկասկած, չափազանց կարևոր հարց է, ինչպես առանձին վերցված քաղաքացիների համար, այնպես էլ պետության համար։ Վիճահարույցն այստեղ այն է, թե ում հաշվին այն պետք է լուծվի։
Խնդիրը Հայաստանում նոր շունչ ստացավ համապարփակ առողջապահական ապահովագրության մասին Առողջապահության նախարարության նախագծի հրապարակումից հետո։ Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարությունը նպատակին հասնելու համար առաջարկեց աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 4-5 տոկոսի չափով պահումներ կատարել։
Սոցցանցերում արձագանքը երկար սպասեցնել չտվեց. սկսվեցին սոցիալական խտրականության մասին քննադատական գրառումները։ Քննադատներին սատարեց նաև ֆինանսների նախարարությունը` դեմ հանդես գալով բարեփոխմանը:
Նախարար Ատոմ Ջանջուղազյանը Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Առողջապահության նախարարության բարեփոխումը հակասում է պետության՝ ուղղակի հարկերի նվազեցման ճանապարհով երկրի մրցունակությունը բարձրացնելու քաղաքականությանը։ Նրա համոզմամբ՝ եթե Առողջապահության նախարարության բարեփոխումն ընդունվի, ապա կստացվի, որ մի կողմից պետությունը նվազեցնում է հարկային բեռը, մյուս կողմից` լրացուցիչ բեռ ստեղծում։
ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ առողջության պարտադիր հարկ լինի. հարցում
«Քաղաքացին դրա փոխարեն կարող է ներդրում անել, օրինակ, կապիտալի շուկայի զարգացման միջոցների հաջող իրագործման մեջ։ Եվ եթե առաջարկած հայեցակարգն ընդունվի, ապա կստացվի, որ դրա փոխարեն մարդը ներդրում է անում առողջապահական համակարգում, ոչ թե ընդհանուր առմամբ տնտեսության մեջ», – կարծում է ֆինանսների նախարարը։
Նա նշեց, որ ֆինանսների նախարարության համար առողջապահական հարկի համար նախընտրելի շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը։ Եվ հարցը չափը չէ, այլ ուղղությունը, որով առաջարկում են շարժվել։ Նա կարծում է, որ պետք է այլընտրանքային տարբերակներ քննարկվեն, քանի որ առաջարկած ճանապարհը կարող է հանգեցնել լուրջ վնասների։
Աղետալի ծախսեր, կամ ինչու պետք է առողջապահական հարկը պարտադիր լինի
Աղվերանում գտնվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հեռակա պատասխանեց գործընկերների քննադատությանը։ Նա մասնավորապես նշեց, որ առաջարկվում է ներդրումներ անել ոչ թե առողջապահության, այլ հանրային առողջության ոլորտում։ Նա Ջանջուղազյանին հիշեցրեց, որ մարդկային կապիտալը տնտեսության զարգացման համար ամենակարևոր կապիտալն է։ Բացի այդ, նա հորդորեց ֆինանսների նախարարությանը առողջապահության ոլորտի մեջ արվող ներդրումները չհակադրել տնտեսության մեջ արվող ընդհանուր ներդրումներին։
«Առանց կրթության, առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում ներդրումներ կատարելու անհնար է զարգացած և զարգացող տնտեսություն ստանալ։ Մենք դեմ չենք տոկոսադրույքների նվազմանը, բարեփոխումների ֆինանսավորման այլ տարբերակներին, մեզ համար կարևոր է, որ բարեփոխումը ներդրվի և բարելավվի հանրային առողջության ոլորտի հետ կապված իրավիճակը», – ընդգծեց նախարարը։
Թորոսյանն ավելացրեց, որ առողջապահության կարիքների համար հատկացվող միջոցները բավարար չեն նոր համակարգը ներդնելու այն ծավալով, որը ներկայացնում է Առողջապահության նախարարությունը։ Ավելին, նախարարը կարծում է, որ միջին աշխատավարձ (շուրջ 300 դոլար հարկերը հանած) ստացող մարդը չի կարող հոգալ իր առողջապահական ծախսերը։ Նրա խոսքով` կարևոր է հասկանալ, որ հասարակության զգալի մասն այսօր չի կարող իրեն թույլ տալ բժիշկի գնալ, իսկ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո սոցիալական կարգավիճակը կդադարի խոչընդոտ լինել որակյալ բուժօգնություն ստանալու համար։
«Դա ոչ թե հարկ է, այլ ավելի թանկարժեք ծառայության ձեռքբերում։ Եթե կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը որոշեն, որ ֆինանսավորման այլ աղբյուր կա, ապա ես շատ ուրախ կլինեմ», – ասաց Թորոսյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել հասկանալու համար նրանց տրամադրվածությունն այդ հարցի վերաբերյալ։
Հարցվածների հիմնական մասը կողմ էր բարեփոխմանը, սակայն մի վերապահումով` ֆինանսական բեռը պետք է ստանձնի պետությունը։ Պարզվեց նաև, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը գրեթե բժիշկի չի դիմում։
Նշենք, որ համընդհանուր բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգի համաձայն` աշխատավարձի 4-6 տոկոսի գանձումը ծրագրվում է ներմուծել 2022թ–ից։ Եթե իհարկե կառավարությունը, խորհրդարանը և քաղաքացիները համաձայնեն։ Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ 2021թ.–ից բոլոր աշխատող քաղաքացիների եկամտահարկը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 20 տոկոս. այսինքն` բնակչության 59 տոկոսի համար այն կնվազի 4 տոկոսով։