ՌԱԴԻՈ

Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»

Փորձագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և գնահատականներ տվել հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի և Թուրքիայի փոխհարաբերություններին:
Sputnik
Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»

Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Թուրքիան այսօր վարում է այնպիսի քաղաքականություն, որ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ։ Ռուսական զենքի գնումն առաջին ծիծեռնակն էր, որ ցույց տվեց ՆԱՏՕ անդամ երկրների միջև առկա լուրջ և խորքային հակասությունները:

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

«Թուրքական թեման դարձել էր նաև Թրամփ-Մակրոն հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր հարցերից մեկը, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից երկրորդն է ցամաքային բանակի թվաքանակով: Բացի այդ, Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը պակաս կարևոր չէ, ու նաև ընդգծվում է այդ երկրի դերակատարումը մերձավորարևելյան գործընթացներում»,- նշում է Գրիգոր Բալասանյանը:

Փորձագետի տեսանկյունից միջազգային հարաբերություններում առհասարակ առևտուրն ընդունված է, և դա սովորական երևույթ է, քանի որ ցանկացած երկիր հետապնդում է իր պետական շահը, ինչքան էլ դաշնակիցներ լինեն մեկ ռազմաքաղաքական դաշինքում: Բալասանյանի համոզմամբ՝ Թրամփն Էրդողանի հետ հարաբերություններում զիջման է գնացել ոչ այնքան Սիրիայի քրդերի հարցում, որքան S-400 զենիթահրթիռային կայանների գնման հետ կապված:

«Դրա դիմաց Թուրքիան համաձայնվել է Լեհաստանում և մերձբալթյան երկրներում ռազմական կոնտինգենտի տեղակայման կամ դրա ավելացման հարցում, որպեսզի մտացածին ռուսական վտանգից պաշտպանվեն: Սակայն այդպիսի վտանգ չկա, և Լեհաստանն ու մերձբալթյան երկրները չեն կարող համարել, որ Ռուսաստանի կողմից իրենց շատ լուրջ վտանգ է սպառնում՝ ընդհուպ մինչև հարձակման կամ ներխուժման հնարավորություն»,- նշում է Գրիգոր Բալասանյանը: 

«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում

Նշված երկրներում միայն ՆԱՏՕ-ի կոնտինգենտի և ՌԴ-ի արևմտյան ռազմական օկրուգի զինուժի ու զինտեխնիկայի թվերը համեմատելով՝ կարելի է ասել, որ հյուսիսատլանտյան դաշինքի 20 հազարանոց կոնտինգենտն ի վիճակի չէ դիմակայել ՌԴ-ի մի քանի հարյուր հազարանոց զինուժին։ Դրան զուգահեռ ռուսական կողմն էլ, ըստ Բալասանյանի,  հասկանում է, որ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ պատերազմելով, դրա մեջ կներքաշի դաշինքի բոլոր անդամներին, հետևաբար` ՌԴ-ի պլաններում նման բան չկա: