«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի

ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ գերատեսչությունում կրճատումներ են եղել, և հիմա ավելի քիչ թիմով ավելի շատ աշխատանք է կատարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարեվերջին էլ իր աշխատակիցներին պարգևավճարներ կտա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Այո, պարգևավճարներ լինելու են։ Օպտիմալացման արդյունքում մենք ունենք կոնկրետ տնտեսումներ և պարգևավճարներ տալու հնարավորություններ։ Բացի այդ, հիմա, ստացվում է, ավելի քիչ թվաքանակով ավելի ծանրաբեռնված ենք աշխատում»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կյանքը ցույց կտա` պարգևավճարների թեման այս տարի՞ էլ կառաջացնեն այն արձագանքը, ինչ անցած տարի։

Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

Ջանջուղազյանը նշեց նաև, որ առհասարակ վարձատրության համակարգը պետք է կարևորել, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը: Նախարարն ասաց, որ պետական և մասնավոր հատվածներում այս կամ այն աշխատանքի համար վարձատրությունը պետք է լինի համադրելի։

Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում ՊԵԿ նախագահի պարգևավճարը նվազել է

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ էին տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ էին ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, իսկ աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը, 2 և ավելի միլիոն դրամ էին ստացել։

Կառավարությունը նոր հավելավճարներ է սահմանում պետական որոշ ծառայողների համար