Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

1988թ-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի նյութական վնասը 31 տարի առաջ գնահատվել էր 10 մլրդ դոլար: Խորհրդային Միության ղեկավարությունը խոստացել էր նույնիսկ ավելի շատ գումար ծախսել ու 2 տարում վերականգնել ավերված բնակավայրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. 1988թ-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո աշխարհը շտապեց օգնության հասնել բնության ավերիչ ուժի դիմաց միայնակ մնացած Հայաստանին: Անգամ Խորհրդային Միության պես հզոր երկիրը, որի մի մասն էլ այդ ժամանակ դեռ Հայաստանն էր, անկարող էր միայնակ օգնել երկրաշարժից տուժած իր քաղաքացիներին: Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովն ԱՄՆ-ից պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց:

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար

Աղետի միայն նյութական վնասը գնահատվեց 10 մլրդ դոլար: Խորհրդային Միությունը մշակեց աղետի գոտու վերականգնման 2-ամյա ծրագիր, որի արժեքը շուրջ 13 մլրդ ռուբլի: Այս ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց ԽՍՀՄ–ի փլուզման հետևանքով:

Փոխարենը աղետի ենթարկված Հայաստանի օգնության կոչին արձագանքեցին աշխարհի 133 երկիր:

Մարդասիրական առաջին օգնությունը Հայաստան հասավ աղետից 2 օր անց: Խորհրդային Միությունն առաջին անգամ ստիպված էր բացել իր օդային սահմանը Հայաստան եկող մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռների առաջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ինքնաթիռներով աղետի գոտի հասան առաջին սնունդը, դեղորայքը, դոնորական արյունը, բուժսարքավորումերը և, իհարկե, աղետի պայմաններում աշխատելու փորձ ունեցող բժիշկներն ու փրկարարները: Մասնագետներ, որոնք այդ օրերին Հայաստանում չկային: Կամիր Խաչի միջոցներով աղետի գոտում արագորեն կառուցվեցին դաշտային, վրանային հիվանդանոցներ, առաջին օգնության կետեր, դաշտային խոհանոցներ:

Երկրաշարժից տուժածների համար աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան էին գալիս նաև վրաններ, վառարաններ, ավտոմեքենաներ, կապի միջոցներ, հագուստ, ծածկոցներ:

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել

Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն` միայն Գերմանական Կարմիր Խաչի՝ աղետի գոտուն տրամադրած օգնությունը գերազանցեց 120 մլն գերմանական մարկը:

Բացի հումանիտար օգնությունից, այդ գումարով ժամանակավոր կացարաններ կառուցվեցին Գյումրիում, Սպիտակում, Կիրովականում:

Ավստրիական Կարմիր Խաչի միջոցներով Գյումրիում կառուցվեց մի ամբողջ թաղամաս՝ հարմարեցված հաշմանդամ մարդկանց կենցաղին՝ թեքահարթակներով, ցածր մուտքերով ու առանց աստիճանահարթակների:

ԿԽՄԿ անդամ երկրների ու 46 գործընկեր կազմակերպությունների` աղետից տուժած Հայաստանին տրված օգնությունը, պաշտոնական տվյալներով, կազմում է 268 մլն դոլար:

Աղետից անմիջապես հետո Հայաստանին օգնության եկան նաև Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ ցրված հայերը: Հայ ազգին դարձյալ միավորեց ազգային ողբերգությունը:

Առաջիններից մեկը ամերիկահայ անհատ բարերարներ Մաթևոսյան քույրերն էին, որոնք դեկտեմբերյան աղետալի երկրաշարժից հետո հայրենիքին փոխանցեցին 50 հազար ԱՄՆ դոլար:

Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

Հայրենիքն օգնության ձեռք մեկնած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հիմնեց Հայաստանի օգնության հիմնադրամը, որի միջոցով աղետի գոտուն փոխանցված արտասահմանյան երկրներում հանգանակված օգնությունը 1990թ-ի հունվարի 1-ի դրությամբ հասավ 35 մլն դոլարի:

Ազնավուրի աջակցությունը Հայաստանին շարունակվեց նաև այլ ծրագրերի տեսքով: Նրա միջնորդությամբ Եվրոպական տնտեսական համագործակցության հումանիտար բաժնից Հայաստանին հատկացվեց շուրջ 450 000 ԱՄՆ դոլար: 1995թ-ին Եվրոհամայնքի հումանիտար գրասենյակը «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հետ կքված համաձայնագրով Հայաստանին հատկացրեց 3 100 000 ԱՄՆ դոլար՝ էներգետիկ ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի համար մազութ ու գազ գնելու համար:

1993թ–ին Հայ բարեգործական ընդհանուր միությունը համայն հայությանը կոչ արեց դրամահավաք սկսել՝ «Ձմեռ 1993-1994»-ը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Կարճ ժամանակահատվածում հավաքված 7 մլն ԱՄՆ դոլարը եռապատկեց ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանը՝ այն հասցնելով 21 մլն դոլարի:

Մինչ այդ Քրքորյանի հիմնադրած Լինսի հիմնադրամը 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան էր բերել 300 մլն դոլարի մարդասիրական և բժշկական օգնություն: 1988թ–ի երկրաշարժից հետո ամերիկահայ բարեգործական 7 կազմակերպության նախաձեռնությամբ գոյացած Հայկական միացյալ ֆոնդի մարդասիրական բոլոր առաքումները կատարվեցին Քրքորյանի տրամադրած փոխադրական ծառայության միջոցներով:

Սպիտակի երկրաշարժից 32 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին

1997թ-ին Լինսի հիմնադրամը «Հայաստան համահայկական հիմնադրամին» փոխանցեց 4,7 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանը և Արցախը միմյանց կապող Լաչինի մարդասիրական ճանապարհի կառուցման համար: Նույն թվականին Սպիտակի երկրաշարժի 10-ամյակի շրջանակում Քրքորյանը 15 մլն դոլար հատկացրեց աղետի գոտու վերականգնմանը:

1988-1999թ թ.-ին ՀՕՖ-ի տասնամյա գործունեության ամփոփման փաստաթղթի համաձայն` Հայաստանին հատկացված ծրագրային գումարային արժեքը կազմում է 170 մլն ԱՄՆ դոլար:

Իսկ 1989 թ-ին սփյուռքում ստեղծված Հայկական միացյալ ֆոնդը (ՀՄՖ) 1989-2000 թթ. ընթացքում 285 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկել, որը մի մասն է այն հսկայական աջակցության, որ 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո մինչ օրս Հայաստան է եկել՝ որպես աղետից տուժած երկրին աջակցություն:

Անցած 30 տարիներին հսկայական գումարներ են ծախսվել նաև աղետի գոտու վերականգնման շինարարական ծրագրերի վրա: Թե իրականում որքան գումար է եկել Հայաստան ու դրանից որքանն է իսկապես նպաստել աղետի գոտու զարգացմանը, դժվար է ասել: Նման պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի: Թերևս նաև այն պատճառով, որ դա ինչ-ինչ պատճառով ձեռնտու չի եղել Հայաստանում 31 տարի իշխած քաղաքական ուժերին:

Իսկ աղետից տուժած բնակավայրերը դեռ շարունակում են կրել «աղետի գոտի» պիտակն ու ապրել աջակցության հույսով: Անօթևան մնացած ընտանիքների արդեն 2-րդ սերունդն է իր զավակներին մեծացնում ժամանակավոր կացարաններում: