Արմեն Սարգսյանը չի մոռանում մղձավանջները. ՀՀ նախագահն անկեղծացել է

ՀՀ նախագահը շատ լավ է հիշում, թե ինչպես ողբերգության տեսած գյումրեցին իր փոքրիկ տնակի մեջ իր սիրտը բացեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տարիներ անց Գյումրիում տեսածը երկար ժամանակ մղձավանջի պես հետապնդել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այսօր նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` հիշելով, թե ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնում առաջին անգամ այցելեց Գյումրի։

Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

«Այդ օրերին սարսափելի էր՝ մարդիկ ինչպե՞ս էին ապրում, որտե՞ղ էին ապրում: Եվ ես պատրաստ էի, որ տարիներ շարունակ «մոռացված» մարդիկ պետք է մեղադրեին ինձ, ես էլ պետք է պատասխան տայի, բայց եղավ հակառակը՝ մարդիկ ինձ շատ ջերմ ընդունեցին և ինձ հրավիրեցին իրենց տուն՝ հյուրասիրելու: Գյումրեցին իր փոքրիկ տնակի մեջ, որը չգիտես, թե ինչպես էին տաքացնում, իր սիրտը բացեց ու իր ունեցածը կիսեց»,- պատմեց նախագահը, որն այսօր գյումրեցիների վերքը կիսելու և 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Գյումրի է այցելել։

Նա նշեց, որ գյումրեցիների արժանապատվությունն ու սերն ավելի մեծ «բեռ» դարձան հետագա տարիների ընթացքում:

«Միայն այսօր եմ անկեղծանում՝ երկար տարիներ, երբ առողջական խնդիրների պատճառով ես ստիպված էի լքել վարչապետի պաշտոնը, մղձավանջներ ունեի՝ երազներումս Գյումրին էի տեսնում։ Եվ հիմա իմ համար պարտականություն է գալ Գյումրի։ Համարեք, որ ես էլ մի գյումրեցի եմ ու մի օր էլ ուզում եմ տուն գնել մոտ ապագայում»,- ասաց նախագահն:

Նշենք, որ ՀՀ նախագահն այսօր մասնակցեց հիշատակի պատարագին, ապա ծաղիկներ խոնարհեց Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ողջ օրվա ընթացքում ՀՀ նախագահը կմնա Գյումրիում, հանդիպումներ կունենա տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կլսի գյումրցիներին:

Արմեն Սարգսյանը չի մոռանում մղձավանջները. ՀՀ նախագահն անկեղծացել է

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետն է եղել 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում:

Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին