Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն իրականում արդար չեն, քանի որ որոշ թեկնածուների առաջ պատնեշ դրվեց և առաջադրվեց միայն երկու անձի թեկնածություն, որոնք «հաճելի» են Թուրքիայի իշխանական վերնախավին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։
Նրա կարծիքով՝ Պոլսո հասարակությունը կանգնած է երկու թեկնածուներին ընտրելու պարտադրանքի առաջ, ինչը ցավալի երևույթ է:
Թուրքական պետության առաջ քաշած սահմանափակման հետևանքով թեկնածություն առաջադրելու հնարավորություն տրվեց միայն Պոլսո աթոռին ենթակա երկու եպիսկոպոսներին:
«Այս ընտրությունները պետք է տեղի ունենային մեր ավանդությունների համաձայն, այսինքն՝ պետք չէր թեկնածու եպիսկոպոսների առաջ արգելքներ դնել՝ մատնանշելով ներսի կամ դրսի հանգամանքը: Նախկինում արտասահմանից բազմաթիվ եպիսկոպոսներ են եկել այստեղ ու պատրիարք ընտրվել: Հիմա հետաքրքիր է, թե որքան կլինի երկու թեկնածուներին բոյկոտողների թվաքանակը»,- նշեց Էստուկյանը:
Էստուկյան. «Բեկչյանի դիրքորոշումը ճիշտ է, սա ամոթալի ընթացք է»
Նրա խոսքով` ընտրություններում ցուցանիշը բարձր կլինի, մինչդեռ հայ համայնքը կարիք ունի ժողովրդի արդար քվեին արժանացած պատրիարքի, որովհետև վերջին 12 տարիների ընթացքում համայնքն իր համերաշխությունը կորցրեց, ու եղան պառակտումներ։
Խմբագրապետը չի բացառում նաև, որ ընտրությունները չկայանան, որովհետև դատական գործընթացը շարունակվում է, և դատական ատյանը կարող է որոշել, որ ընտրությունները հետաձգվում են, թեև այդ վարկածը քիչ հավանական է: Չնայած ըստ Էստուկյանի`ընտրությունները չեղարկելու պահանջով դատարանում քննվում է երեք հայց:
Հիշեցնենք, որ Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։ Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքն անգիտակից վիճակում էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863թ. Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։
Էստուկյան․ «Պոլսո պատրիարքի ընտրակարգը փոխել են, որ Չուլջյանի մասնակցությունը բացառեն»
Ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, որ տեղապահի ընտրության կարիք չկա, և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։ Սակայն բարձրացած բողոքի ալիքի պատճառով Արամ Աթեշյանն ի վերջո տեղի տվեց և համաձայնեց նախ անցկացնել տեղապահի ընտրություններ։ Նախատեսվում էր, որ ընտրությունները կանցկացվեն Ստամբուլի քաղաքապետի վերընտրություններից անմիջապես հետո, մինչդեռ գործընթացն անընդհատ ձգձգվում է։