Քյաբաբանոց են բացել ու ստիպել դիֆերամբներ ասել. ինչի՞ց է վիրավորվել Փաշինյանը

ՀՀ վարչապետն ԱԺ–ում պատմել է, թե տարիներ շարունակ ինչից է վիրավորվել։ Փաշինյանը խոստացել է, որ մշակույթի գործիչներն այսուհետ ազատվելու են ստիպողական վիրավորանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Տարիներ շարունակ մշակութային ոլորտի թերֆինանսավորումը Հայաստանում հանգեցրել է բացասական երևույթների։ Այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` մշակույթի գործիչներին ստիպել են դիֆերամբներ ասել օլիգարխների քյաբաբանոցների բացմանը։

«Ես դա ընկալել եմ որպես անձնական վիրավորանք, երբ որ մի որևէ օլիգարխ էս կոլեկտիվներից մեկին հովանավորչական գումար է տվել ու հետո ստիպել, որ գան իր քյաբաբանոցի բացմանը մասնակցեն, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տան, որ այս քյաբաբանոցը աշխարհի ամենաբարձր երևույթն է։ Մեր հարգելի բարերարն էս ինչ է արել մեր կյանքում։ Ես դրանից վիրավորված եմ զգացել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020թ–ի բյուջեն հեղափոխական է նաև նրանով, որ նպատակ ունի մշակույթի գործիչներին այդ վիրավորանքից ազատելու։

Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ գները նույնիսկ նվազել են. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Նա նշեց, որ 700 մլն դրամով աճել է Հայաստանի ազգային պետական երգչախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական սիմֆոնիկ նվագախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի, Հայաստանի ազգային ջազ նվագախմբի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, «Տաղարան» համույթի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Կամերային նվագախմբի ու կամերային երգչախմբի պետական ֆինանսավորումը։

Այսպիսով, ըստ Փաշինյանի, պետական բյուջեն փաստորեն ապահովում է այս կոլեկտիվների 100 տոկոս ֆինանսավորումը։

«Սա նշանակում է, որ այս կոլեկտիվները ձեռք պարզածի կարգավիճակը կարող են հաղթահարել» ,– ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, պետական ֆինանսավորումը վարչապետը միջանկյալ լուծում է համարում` կարևորելով մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման արժանապատիվ տարբերակներ գտնելու անհրաժեշտությունը։