ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Արմենպրեսը» հայտնում է, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,- ասաց Նիկողոսյանը:
ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու:
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
Նշենք, որ «Փյունիկ» ՖԱ-ն, ներկայացնելով Արսեն Աղաջանյանին, նշել էր, որ նա լիովին համապատասխանում է ՀՖՖ նախագահի բոլոր չափանիշներին: Խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի:
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։