ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում։
Երեկ` դեկտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, որը, մեր տեղեկություններով, «Լոկոմոտիվ» ՖԱ հիմնադիր նախագահ Հրաչ Քանանյանն է։ Նրանց արդեն ձերբակալել են, 3-ն էլ կասկածյալի կարգավիճակ ունեն։
Քանանյանը մարզական աշխարհում հայտնի մարդ է: Գործունեություն է ծավալել սպորտային ապրանքների ներկրման ու մատակարարման ոլորտում, ինչպես նաև ֆուտբոլում:
1992 թվականից աշխատում է ֆուտբոլային բնագավառում: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջին իսկ մրցաշարից եղել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբի աշխատակից:
2002 թվականին հիմնել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես էր գալիս Հայաստանի առաջին լիգայում, բայց երեք տարի անց ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը լուծարվեց:
Քանանյանը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը վերահիմնադրեց 2018 թվականին, ու թիմի առջև միանգամից լուրջ խնդիրներ դրվեցին: «Լոկոմոտիվը» նպատակ էր դրել հանդես գալ բարձրագույն խմբում:
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Լոկոմոտիվը» շանսեր ուներ հայտնվելու բարձրագույն խմբում, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան բաժնից արտոնագիր չստացավ որոշ անհամապատասխանությունների պատճառով և իրավունք չվաստակեց բարձրագույն խմբում այս տարի խաղալու համար:
Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
Քանանյանը, բացի «Լոկոմոտիվ» ՖԱ-ի սեփականատեր լինելուց, նաև «Էլիտ Սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս կազմակերպությունը մարզագույք և մարզահագուստ էր մատակարարում մարզական ուսումնական հաստատություններին` համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
Հրաչ Քանանյանի ընկերությունը Հայաստանում ներկայացրել է «Ջիվովա», «Կելմե», «Ասիքս» մարզական ապրանքանիշները։