Հայաստանում գրիպի սեզոն է. ինչ է պետք անել չհիվանդանալու համար

Առողջապահության նախարարությունը հորդորում է կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ օգտագործել, հաճախ լվանալ ձեռքերն ու գրիպի դեմ պատվաստում ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Գրիպով ու սուր վարակիչ հիվանդություններով հիվանդ մարդկանց թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Որ ծառայություններից հնարավոր կլինի անվճար օգտվել պարտադիր առողջապահական փաթեթով

Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք. ինչպես խուսափել. նախարարության հորդորը

Թորոսյանի խոսքով`ցուցանիշները  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են։ Ընդ որում` այս տարի ծանր դեպքերը քիչ են, թեև մասնագետը հստակ թիվ չնշեց։

«Հոկտեմբերից Հայաստանում սկսվել է գրիպի ու սուր վարակիչ հիվանդությունների սեզոնը։ Պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները։ Դա նույնպես վկայում է այն մասին, որ դեպքերն այդքան ծանր չեն»,–ասաց մասնագետը։

Թորոսյանի խոսքով` հանրապետությունում  առավել տարածված են A և B տեսակների գրիպները։  Մասնագետը խորհուրդ է տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ։

Հայաստանում գրիպի վարակի բռնկում կա՞. պարզաբանում է գլխավոր համաճարակաբանը

Իսկ վերջիններին Թորոսյանը խորհուրդ է տալիս տնից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել։  Փորձագետը քաղաքացիներին նաև կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ։

Նշենք, որ ռիսկային խմբում ներառված քաղաքացիների համար գրիպի դեմ պատվաստումներն անվճար են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այդ խմբերում ներառում է հղիներին, 65–ն անց մարդկանց, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին, փակ կոլեկտիվների աշխատակիցներին, նաև զինծառայողներին ու զորակոչիկներին։