Եկեք անկեղծ լինենք: Իրավացի էր ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ռենե Դեկարտը, երբ դեռ 17-րդ դարում ասում էր, որ մարդն ունի բազմաթիվ նախապաշարումներ և մոլորություններ: Եվ դրանցից ձերբազատվելու համար մարդը կյանքում գեթ մեկ անգամ պետք է անպայման կասկածի տակ առնի ամեն ինչ՝ Աստծո գոյությունը, պնդումը, թե երկու անգամ երկու հավասար է չորսի, նույնիսկ այն, որ ինքը ձեռքեր և ոտքեր ունի:
Ուղիղ կես դար է, ինչ ողջ աշխարհում քննարկվում է՝ արդյոք ամերիկացիներն իրոք երբևէ վայրէջք են կատարել Լուսնի վրա:
1969 թվականին մոտ 600 միլիոն մարդ՝ մեր մոլորակի բնակչության մեկ վեցերորդը հեռուստացույցի առաջ նստած, տեսավ, թե ինչպես են ամերիկացի երեք տիեզերագնացներն իջնում Լուսնի վրա: Որոշ մարդիկ դեռ այն ժամանակ Ստանիսլավսկու նման բացականչում էին. «Չեմ հավատում»։
Սկսվեցին ասեկոսեներ տարածվել այն մասին, թե այդ ամենը լավ բեմականացված ներկայացում էր:
Այն մարդը, որի հետ զրուցել է Մյուրեյը և որին նա ներկայացնում է որպես Սթենլի Կուբրիկ, խոստովանում է, որ տարիներ առաջ իրոք ինքն է բեմադրել ամերիկացի տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա, որն էլ դիտել են միլիոնավոր մարդիկ:
Համաձայնեք՝ միանգամից էլ բազմաթիվ հարցեր են ծագում: Եվ դրանցից ամենակարևորն, իհարկե, սա է՝ արդյոք այն մարդը, որը խոսում է ձայնագրությունում, իրոք աշխարհահռչակ ռեժիսոր Սթենլի Կուբրիկն է, որը բոլորիս լավ հայտնի է «Սպարտակ», «Լարովի նարանջը» և բազմաթիվ այլ կինոնկարներով: Ռեժիսորն ինքը վաղուց մահացել է. այրին ասում է, որ Կուբրիկը երբեք հարցազրույց չի տվել Մյուրեյին: Բայց դավադրությունների տեսությունների կողմնակիցները հակադարձում են՝ կինը չէր էլ կարող իմանալ, որովհետև դա գաղտնի հարցազրույց էր:
Մյուրեյը պնդում է, որ հարցազրույցից առաջ Կուբրիկը պայման է դրել՝ այդ նյութը կարող է հրապարակվել միայն 15 տարի հետո: Սա էլ երկրորդ հարցի պատասխանը, թե ինչու մինչև վերջերս այս հարցազրույցի մասին հանրությունը ոչինչ չգիտեր:
Վերջապես երրորդ հարցը՝ ինչու էր Կուբրիկը որոշել կյանքի վերջում, այնուամենայնիվ, գաղտնազերծել այն, ինչը ըստ ամերիկյան կառավարության հետ պայմանավորվածության՝ պետք է հույժ գաղտնի պահեր: Իրոք, եթե հավատանք դավադրությունների տեսությունների ջատագովներին, ամեն ինչ այսպես է եղել: Դեռ 60-ականների սկզբներին, երբ Յուրի Գագարինն առաջինը պտույտ կատարեց Երկրի շուրջը, Ամերիկայի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին հայտարարեց, որ ամերիկացիներն էլ առաջինը պետք է իջնեն Լուսնի վրա և համոզմունք հայտնեց, որ դա իրականություն կդառնա մինչև տասնամյակի ավարտը:
Երբ մոտեցավ այդ վերջնաժամկետը, 60-ականների վերջին մյուս նախագահը՝ Ռիչարդ Նիքսոնը, հասկացավ, որ նպատակն անիրագործելի է բազմաթիվ պատճառներով՝ ֆինանսական, տեխնիկական և այլն:
Նիքսոնը հրավիրեց Սթենլի Կուբրիկին, որն այդ ժամանակ արդեն նկարահանել էր իր «Տիեզերական ոդիսականը», այսինքն տիեզերքում կատարվող իրադարձությունները ճշմարտանման պատկերելու փորձ ուներ, և խնդրեց նրան բեմականացնել «Ապոլոն-11» տիեզերանավի վայրէջքը Լուսնի վրա:
Ըստ այս վարկածի՝ բնականաբար, պայմանավորվածություն կար, որ Կուբրիկը երբեք չի բացահայտի իր արածը: Բա ինչո՞ւ բացահայտեց:
Այն մարդը, որին Մյուրեյը տեսանյութում ներկայացնում է որպես Սթենլի Կուբրիկ, բացատրում է դա շատ հակիրճ մի նախադասությամբ. «Դա իմ գլուխգործոցն էր»։
Համաձայնեք՝ մարդկային տեսակետից միանգամայն հասկանալի բացատրություն է: Շատ քչերը կդիմանային, եթե իրենց ստեղծագործությունը որպես իրականություն ընդունվեր ողջ մարդկության կողմից, բայց հանրությանը հայտնի չլիներ այդ գլուխգործոցի հեղինակի անունը: