Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման թույլտվությունը ողջունելի է, որովհետև Վրաստանի նավահանգիստներում հսկայական թվով մեքենաներ կուտակվել են: Բացի դրանից, շատերը չեն հասցնում ղեկը փոխել Վրաստանում, քանի որ այնտեղ էլ հերթեր են և մեծ կուտակումներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մի որոշում, որով թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաները ներկրել Հայաստան, այնուհետև ղեկը փոխել ձախային համակարգով, ՀՀ օրենքով սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ-ում ու շահագործել: Նշվեց, որ դա արվում է մի նպատակով, որպեսզի քաղաքացիները մեծ գումարներ չծախսեն և ավտոմեքենաների ղեկը աջ կողմից ձախ տեղափոխեն ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում։ Նիստի ընթացքում որոշվեց այդ մեքենաների ներմուծումն առայժմ թույլատրել, բայց հետագայում նորից անդրադառնալ այս խնդրին:
Հակոբյանին տարակուսանք է պատճառում այն հանգամանքը, որ ներկրման թույլտվությունը ժամանակավոր բնույթ է կրում:
«Այդուհանդերձ չմոռանանք, որ ղեկը փոխած մեքենան ավելի վտանգավոր է երթևեկության համար: Եվ ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենա արտադրող ընկերությունները կարող են խտրականության համար ՀՀ կառավարությանը դատի տալ ու դատը շահել: Առհասարակ ղեկը փոխելու դեպքում անվտանգության բարձիկներն ու արգելակման համակարգը կարող են խափանվել ու չաշխատել: Մեզ մոտ շատ վթարներ եղել են հենց ղեկը փոխելու պատճառով»,- նշեց ավտոփորձագետը:
Խնդրի հանգուցալուծման առումով Արման Հակոբյանը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ աջակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծումն ու փոխումն անհամեմատ ավելի թանկ են, ուստի մարդկանց համար ձեռնտու է գնել ձախակողմյան ղեկով մեքենաներ, առավել ևս, որ Վրաստանում նույնպես գործում է ձախակողմյան երթևեկություն: Եթե այս փորձը կիրառվի նաև Հայաստանում, ապա կշահեն բոլորը, և բյուջեն ևս կհարստանա: