ՌԱԴԻՈ

Նորիկյան. «Հարցերի հարցը զինված ուժերում հանցավոր բարքերի առկայությունն է»

Փաստաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական բանակում արձանագրված վերջին շրջանի ինքնասպանության դեպքերին և բանակում տիրող բացասական երևույթների պատճառներին:
Sputnik
Նորիկյան. «Հարցերի հարցը զինված ուժերում հանցավոր բարքերի առկայությունն է»

Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելով՝  բանակում ինքնասպանությունների խնդիրը չի լուծվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

Զինվորի սպանությունն այդ զորամասում միակը չէ. Քոչարյանը կզբաղվի դրանով

«Անհրաժեշտ է ավելի գլոբալ և համալիր լուծում: Հարցերի հարցը զինված ուժերում հանցավոր բարքերի առկայությունն է և ոչ ֆորմալ ինստիտուտների գոյությունը, որոնց գործադրման արդյունքում մենք զինված ուժերում ունենում ենք ողբերգական դեպքեր»,- ասաց նա:

Պետաիրավական հանձնաժողովն օրերս միաձայն դրական եզրակություն տվեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում միանգամից երկու նոր հոդված սահմանել՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 4-ից մինչև 9 տարվա ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև 10-ը տարի ժամկետով ազատազրկում, և 360.2 հոդվածը՝ «Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում` 6-ից մինչև 14 տարի ժամկետով: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով 3-5 տարի ազատազրկում:

Եթե կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում չէին հերթապահի. Բալայանը` սահմռկեցուցիչ դեպքի մասին

Փաստաբանի կարծիքով՝ զինված ուժերում անհրաժեշտ է ամեն ինչ անել նախևառաջ ներքին ծառայության կանոնագիրքը եթե ոչ հարյուր, գոնե հարյուրին մոտ տոկոսով գործադրելու համար, որպեսզի ուղղակի զինված ուժերում, մասնավորապես զորամասերում ծառայությունն իրականացվի բացառապես օրենքների ու ներքին կանոնադրության համաձայն:

«Եթե կարողանանք զինված ուժերում իրականացնել մտածողության բեկումնային փոփոխություն, կհասնենք այն վիճակին, որ ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գնահատենք, թե քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն ինչ արդյունք կտան»,- նշեց նա:

Զննել են մահացած զինծառայողի բջջային հեռախոսը, կատարվել են անհետաձգելի գործողություններ

Փաստաբանի դիտարկմամբ՝ արատավոր բարքերի պատճառները խորն են ու բազմաշերտ և կապված են նաև հասարակության ընդհանուր տրամադրվածության հետ: Անընդունելի բարքերը բանակ են ներթափանցել հասարակության տարբեր սոցիալական շերտերից: Զինված ուժերում կան ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերություններ: Երկրորդ տարբերակը, ցավոք, սրտի երբեմն դառնում է գերակշռող: ԶՈւ վերնախավի կողմից անհրաժեշտ կամ բավարար պայքարի բացակայության արդյունքում վատ բարքերը դարձել են տիրապետող զորամասային բոլոր օղակներում՝ դառնալով ողբերգությունների պատճառ:

Նորիկյանի կարծիքով՝ ունենք կրթական առաքելության խնդիր և հոգեբանական ծառայության անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի տոտալ աշխատանքի արդյունքում զինված ուժերից արմատախիլ անել հանցավոր արժեքներն ու արատավոր բարքերը:

ԱԺ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց. զինվորի հարազատները հավատացին Քոչարյանին