«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի

Իշխող խորհրդարանական մեծամասնությունը վերջին պահին որոշեց մերժել գործընկերների ներկայացրած օրենսդրական առաջարկը, որին առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ այսօր մերժեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական առաջարկները։

«Առաջին ընթերցմամբ մենք նախագիծն ընդունել էինք քննարկելու և լուծման լավագույն տարբերակները գտնելու համար։ Սակայն ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը»,- քվեարկությունից առաջ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Այս պատճառաբանությամբ էլ «Իմ քայլը» դեմ քվեարկեց նախագծին։ 19 կողմ և 89 դեմ ձայներով նախագիծը չընդունվեց։

Բուքմեյքերական գրասենյակներին թույլ կտան աշխատել ևս մի տարի. օրենքի նախագիծը մեղմացվել է

Չի բացառվում, որ Բաբայանի գործով «Լուսավոր Հայաստանը» ՀՔԾ պետին խմբակցություն հրավիրի

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 3-ին, օրինագծի շուրջ բավականին թեժ քննարկում էր տեղի ունեցել խորհրդարանում։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական մեծամասնության դիրքորոշման փոփոխության շուրջ իր տարակուսանքն էր հայտնել:

Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարել էր, թե նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը:

«Օրենքի այս նախագծով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի». Տիգրան Խաչիկյան

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնել։ Այլ կերպ ասած` այդ պաշտոնում նշանակվելու համար, ըստ նախագծի, բավական է բավարարել պատգամավորներին ներկայացվող պահանջներին։