«Գնում եմ տուն». Արա Վարդանյանին ազատ արձակեցին. լուսանկար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն արդեն ազատության մեջ է։ Նա կալանքից ազատ արձակվեց գումարի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն այսօր ազատ արձակվեց 10 միլիոն գրավի դիմաց։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նա արդեն լուսանկար է հրապարակել

«Գնում եմ տուն։ Շնորհակալ եմ բոլորին»,– լուսանկարին կից գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին Վարդանյանը բերման էր ենթարկվել յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով: 

Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Հուլիսի 3-ին նրան ձերբակալել էին։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։

 

Այս տարվա հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր, ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Հոկտեմբերի 11–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել` ասելով, որ Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել։