ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Մահացած զինծառայող Արթուրի Աջամյանի հարազատները, որոնք այսօր հավաքվել էին ԱԺ–ի շենքի մոտ, որոշեցին դադարեցնել իրենց բողոքի ակցիան` հայտարարելով, որ հավատում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
Զինծառայողի իրավահաջորդի փաստաբան Հայարփի Սարգսյանը մինչ այդ հանդիպել էր Քոչարյանի հետ, և վերջինը խոստացել էր դեպքի հետ կապված բոլոր մանրամասները հայտնել նրանց։
Ավելի ուշ Քոչարյանը մոտեցավ հարազատներին, և նրանց հետո զրուցելուց հետո զինծառայողի հարազատները հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան։
Այնուհետև Քոչարյանը մոտեցավ լրագրողներին և վստահեցրեց, որ հենց այս պահից սկսելու զբաղվել այդ գործով։
«Դեպքը բացահայտվելու է։ Ավելին ասեմ` չբացահայտված որևէ դեպքի չի մնալու»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել էր ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր։
Արթուր Աջամյանի հարազատներն այսօր հավաքվել էին ԱԺ–ի դիմաց և պնդում էին, որ իրենց որդուն որպես ինքնասպան չպիտակավորեն։ Նրանց խոսքով` եթե կա երկրորդ վիրավոր, ինքնասպանություն լինել չի կարող։
Նշենք, որ այս դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության հատկանիշներով)։