ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիևային հրավիրում է Ղարաբաղ։ Այս մասին Հակոբյանը հայտնեց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ։
«Օրեր առաջ Ալիևան Twitter–ում գրառում էր արել ու նշել, որ իր երազանքն է Ղարաբաղում թեյ խմել ու մուղամ լսել։ Ես նրան հրավիրում եմ Արցախ։ Ու քանի որ արցախցիները գիտեն ինչպես հյուրին պատվել, մենք կարող ենք նաև նրա սիրած երաժշտությունն ապահովել և մուղամ միացնել»,–ասաց Հակոբյանը։
Եթե Ալիևան ընդունի Աննա Հակոբյանի հրավերը, ինքն էլ պատրաստ է Արցախ այցելել։ Սակայն, ըստ Հակոբյանի, եթե Ալիևան նկատի ունի, որ պատերազմի միջոցով է ուզում հասնել Արցախ, ապա նրա երազանքն անկատար է մնալու։
«Եթե պատերազմ սկսվի, հավանաբար նորանոր տարածքներ կհայտնվեն, որտեղ մուղամ լսելը նրանց համար անկատար երազանք կդառնա։ Ալիևայի երազանքն ի կատար ածվելու միայն մեկ ճանապարհ կա` խաղաղ ճանապարհը, որպես հյուր խաղաղ այցերը։ Այսինքն` ինչպես Ալիևան կուզեր հյուր լինել Ղարաբաղում, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում»,–իր խոսքն ամփոփեց Հակոբյանը։
«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին
Հիշեցնենք` Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 28–ին Telegram–ի իր ալիքում գրել էր, որ իրենք ընդամենը մեկ երազանք ունեն՝ Ղարաբաղում «շիկեստե» լսել։ Շիկեստեն ադրբեջանական մուղամ երաժշտության տարատեսակներից մեկն է: