Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է Գրիբոյեդովի արձանի պղծումը

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համակարծիք է պաշտոնական Երևանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանում ՌԴ դեսպանությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու առնչությամբ մեկնաբանություն է տարածել։

«Համաձայն ենք պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, որը չափազանց հստակ բնորոշում տվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ս. Գրիբոյեդովի արձանի դեմ այս տգեղ արարքին։ Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք պատմական խոր արմատներ ունեն»,– նշված է դեսպանության մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք` քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը` ընդդիմադիր քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին, երեկ Facebook–ի իր էջում հայտարարել էր, որ կարմիրով է ներկել «Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։ ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր դատապարտել է տեղի ունեցածը` նշելով, որ վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։