«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը։ Քոչարյանի որդին պատասխանել է լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը կատարում է իշխանության պատվերը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

«Նախապես ես հույս ունեի, որ նա չի տրվի ճնշումների, Դավիթ Գրիգորյանի օրինակից չի վախենա ու իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն։ Մենք տեսանք ու համոզվեցինք, որ դա այդպես չէ։ Նա հետևում է իշխանության սպառնալիքներին ու կատարում է իշխանության ակնկալիքները»,– ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի որդին հակադարձեց այն դիտարկմանը, թե Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններով փորձում է անվերջ ձգձգել դատավարությունը։

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` դատախազին հայտնած բացարկը

«Մենք ձգձգելու նպատակ չունենք։ Եթե կհիշեք, մի քանի ամիս ձգձգվեց միայն հունիսի 25-ից հետո, այն պատճառով, որ Դավթի Գրիգորյանի հանդեպ գործ բացվեց։ Բացի այդ, Աննա Դանիբեկյանը նիստերը նշանակում է շաբաթը մի օր։ Օրինակ` չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի նոր դատավորից։ Թող ամեն օր նիստ դրվի, մենք դեմ չենք»,– ասաց նա։

Լևոն Քոչարյանը նշեց, որ դատարանում Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բացարկները պայմանավորված են դատավարական գործընթացով։ Եթե դրանք այս փուլում չարվեն, հետո չեն կարող անել։ Հետևաբար, այդ փուլը պետք է ավարտվի, որպեսզի անցնեն ապացույցների հետազոտման փուլին։

Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

Նրա խոսքով` դատավարության ու դրանում ներկայացվող փաստերի շուրջ աղմուկն ավելի մեծ է, քան դրանց իրական բովանդակությունը։

Ինչու է 1 տարվա ընթացքում Քոչարյանի գործով դատախազի դիրքորոշումը փոխվել. պարզաբանում

«Երկրորդը` անընդհատ փորձում են տպավորություն ստեղծել, թե տեսեք` ինչեր է պարզվելու, ինչեր է լինելու։ Ուզում եմ հիասթափեցնել` ոչ մի բան էլ չի լինելու։ Հակառակը` ինչ էլ լինի, հիասթափեցնելու է այդ սպասում ունեցողներին։ Ոչ մի բան չկա։ Ամբողջ նյութերը կան ու շատ մարդկանց մոտ կան, մի մասն էլ հրապարակվել է»,– ասաց նա։

Հիշեցնենք` «Մարտի 1»-ի գործով դատավարությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ