ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր որոշել էին հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հետ, բայց երբ տեսան, որ նախարարը չի գալիս, որոշեցին մտնել նախարարության շենք և ճեղքեցին ոստիկանական պատը:
ՀՀ ոստիկանությունը կոչ արեց ազատել ԿԳՄՍՆ–ի մուտքը՝ նշելով, որ դա հակասում է Հավաքների ազատության մասին օրենքի այն դրույթին, ըստ որի՝ հավաքների ժամանակ չպետք է խոչընդոտվի հարակից շենք-շինությունների ելումուտը։
Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց. ոստիկանները երիտասարդներին ուժով հեռացրին նախարարության մուտքի մոտից։
Այս պահին ՀՅԴ ներկայացուցիչները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի մոտ։
Երիտասարդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց` քանի որ Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի արձագանքել հանդիպելու, կառուցողական քննարկում ունենալու առաջարկներին, իրենց միայն մնում է պահանջել նրա հրաժարականը, որովհետև նախարարը տապալել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտների քաղաքականությունը։
Բորբոքված ցուցարարներից մեկը լրագրողներին պատմեց. «Մեզ համար հին ու նոր Հայաստան չկա, բայց իրենց լեքսիկոնով ասած նոր Հայաստանում ոստիկանը ցուցարարին ասում է` կթքեմ վրեդ, կներեք այս արտահայտության համար»։
Նրա խոսքով` մի բան է պարզ, որ մեր երկրում ոստիկանությունը բոլոր ժամանակներում պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ իշխանությանը, երկրում ոչինչ չի փոխվել այս առումով։
«Կիրառվում է նույն անհարգալից վերաբերմունքը մարդկանց հանդեպ, նույն բռնությունը ցուցարարների հանդեպ»,–ասաց նա։
Նրա խոսքով` հնարավոր է այսօր այստեղից իրենց տանեն, ցրեն ցույցը, բայց դրանով իրենց պայքարը չի ավարտվի։
«Այսօրվանից Արայիկ Հարությունյանը մեզ համար նախարար չէ, թող նա մեզ սպասի իր ասուլիսներում, բոլոր այն վայրերում, որտեղ ինքը կլինի, նրան կսպասեն նաև մոտ 23 երկրներում, որտեղ կգնա իր պաշտոնեական այցելություններին»,– ասացին ցուցարարները` հավելելով, որ կդադարեցնեն իրենց ակցիան միայն նախարարի հրաժարականից հետո։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 7–ին։ Երիտասարդները դեմ են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Դժգոհության մեկ այլ թեմա է նաև մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել։
Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով