ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 11-ամյա Հովհաննան տիրապետում է բրալյան այբուբենին և ունի սիրելի զբաղմունք: Ոչ մի բանով հետ չի մնում դասընկերներից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հովհաննայի մայրը` Մարինե Հակոբյանը։
Աղջիկը սովորում է Գյումրու թիվ 40 դպրոցի 6-րդ դասարանում: Հաճույքով Է դպրոց գնում և շատ ընկերներ ունի:
«Հովհաննայի երկվորյակ քույրը` Աննան, դպրոցում մշտապես ուղեկցում է նրան, բայց եթե հանկարծ բացակայում է, աղջկան օգնության են հասնում դասընկերները: Դասաժամերին 45 րոպե կարող է հանգիստ նստել, հատկապես եթե դասը սրտովն է», - ասաց մայրը։
Մայրը պատմում է, որ Հովհաննայի համար, սակայն, միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է եղել. երբ ավելի փոքր էր, իր հասակակիցների նման ուզում էր մանկապարտեզ հաճախել, սակայն Գյումրիում գործող ոչ մի նախակրթարան անհրաժեշտ մասնագետն ու պայմանները չուներ:
«Երկու տարի լաց էր լինում, մյուս երեխաների նման մանկապարտեզ գնալ էր ուզում, բայց քաղաքում անհրաժեշտ պայմաններով մանկապարտեզ չկար, որ կարողանայինք Հովհաննային մանկապարտեզ տանել»,- տխրությամբ հիշում է բազմազավակ մայրը։
Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց
Ընտանիքում Հովհաննայից բացի ևս 7 երեխա կա, որոնք ևս ամեն ինչ արել են, որպեսզի Հովհաննան դժվարությունները հաղթահարի։ Մայրը պատմում է, որ աղջկան համոզելու համար հաճախ ստիպված են եղել տարբեր պատճառաբանություններ հորինել։ Դպրոց գնալուց 6 ամիս առաջ միայն հաջողվել է աղջկան մանկապարտեզ ընդունել:
«Փյունիկ» հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղում բրալյան այբուբենը սովորելուց հետո աղջիկն ավելի ինքնավստահ է դարձել: Կենտրոնը Հովհաննայի համար հատուկ գրքեր ու տետրեր դժվարությամբ է հայթայթում: Ցավոք, այժմ միայն երեք առարկաների համար բրալյան դասագրքեր ունեն, մյուս առարկաները ստիպված են բանավոր սովորել:
Վերջերս էլ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում» ծրագրի շրջանակում աղջկան հատուկ համակարգիչ է նվիրել:
«Շատ եմ սիրում համակարգիչը և ազատ ժամանակ, երբ ընկերներիս հետ եմ շփվում, նաև համակարգչով տեքստեր եմ հավաքում ու ինտերնետով տեղեկություններ փնտրում։ Համակարգիչն օգնում է ավելի արագ փնտրել ու գտնել այն ամենը, ինչը չեմ կարող առանց դասագրքերի սովորել»,- մեզ հետ զրույցում ասում է Հովհաննան:
Աղջիկը լավ է սովորում, երազում է թարգմանչուհի դառնալ: Մայրը վստահ է` աշխատասիրության շնորհիվ դուստրը կարող է նպատակին հասնել:
Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը
«Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում» ծրագրում այսօր ընդգրկված են հաշմանդամություն ունեցող 4-30 տարեկան ավելի քան հարյուր երեխա ու երիտասարդ. նրանցից 80-ն արդեն ստացել են օժանդակություն՝ տրանսպորտային վճար, հատուկ սարքեր և այլն: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են` այդ օժանդակությունից օգտվողների թիվն առաջիկայում կավելանա: