Ոստիկանությունը ստուգում է Սուրեն Աղաջանյանի մասին աղմկահարույց հրապարակումները

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն իր ռեստորանում շանը սպանել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի որսորդական հրացանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Դիլիջանում շանը կրակելու դեպքի մասին հրապարակումների հիման վրա ոստիկանությունում իրականացվում են ստուգողական աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին ոստիկանության Դիլիջանի բաժինն ահազանգ է ստացել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմանում նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է հետաքննություն:

Սոցիալական կայքերում ու մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` դեկտեմբերի 1-ին «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ գնդակահարել է շանը։ Իսկ քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։

Նաիրա Զոհրաբյանը մեղադրում է ոստիկաններին ու պահանջում ազգային պարկի տնօրենի հրաժարականը

Այս միջադեպը հատկապես զայրացրել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հեղինակին` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Նա ոստիկանապետից պահանջել է հանձնարարել ենթականերին զբաղվել դեպքի քննությամբ։ Պատգամավորը միաժամանակ նաև պահանջում է ազգային պարկի տնօրենի հրաժարականը։

Հիշեցնենք` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքն ԱԺ–ն ընդունել էր այս տարվա հոկտեմբերի 23-ին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն ստորագրել էր նոյեմբերի 11-ին։

Նոր օրենքի համաձայն` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ 1-3 տարի կալանքով։

Նույն արարքը, որը կատարել են մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: