«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին

Էդմոն Մարուքյանը խոսեց քաղաքապետարանին նվեր տված «ԿԱՄԱԶ»-ների և Դավիթ Խաժակյանի` քաղաքապետին բանավեճի հրավիրելու առաջարկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Քաղաքապետարանն ասում է, որ կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է։ Հիմա դա կարելի է ուղիղ եթերում քաղաքակիրթ ձևով բացատրել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոնը Մարուքյանը` մեկնաբանելով ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի`Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերով բանավեճի հրավիրելու առաջարկը։

«ԿամԱԶ»–ների թեման հասավ դատախազություն

«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու, որովհետև իրենք ասում են` մենք ճիշտ ենք, ոչ մի կոռուպցիա չկա»,–ասաց Մարուքյանը։

Պատգամավորի մոտ կասկած է հարուցել այն փաստը, որ նվիրատվություն է արել այն ընկերությունը, որը քաղաքապետարանի հետ ինչ-որ հարց է ունեցել։ «Այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվեր տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքապետի հետ, այսինքն՝ չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է ու տարածք չի ստացել, շինթույլտվություն կամ արտոնություն չի ստացել։ Այս առումով կան կասկածներ, և դրանք փարատելու համար լավ կլինի, որ Մարությանը գնա եթերի և իր ճշմարտացիությունն ապացուցի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի քաղաքապետարանում արտոնություններ տալու, դրա դիմաց առավելություններ և գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերը:

«Եթե այսօր հարցնեն` Սամվել Ալեքսանյանը Երևանին նվիրե՞լ է մեքենաներ, կասեմ` ոչ». Մարության

Հիշեցնենք` «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿԱՄԱԶ»-ները: Դրան հաջորդել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿԱՄԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։