Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

Նախարարի խոսքով` մեկ տարվա ընթացքում Հայաստանն ի ցույց դրեց իր կարողություններն ու լրջությունը ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացի մեջ ներգրավելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերը — Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացում Հայաստանն ունի իր օրակարգը, որի շուրջ էլ աշխատում է։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները հնարավո՞ր է ազդեն նրանց արտաքին քաղաքականության վրա։

Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիսը) այսօր` դեկտեմբերի 2-ին, հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման մասին։

Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել

«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Այս մեկ տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու լրջությունը խաղաղ գործընթացի մեջ ներգրավելու և արդյունավետ աշխատելու հարցում»,–ասաց Մնացականյանը։

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մնացականյանը նշեց, որ այդ հանդիպման շուրջ աշխատել են, իսկ հանդիպման ժամանակ ինքը ներկայացնելու է հայկական կողմի գերակայությունները։

«Մենք ունենք մեր գերակայությունները, և գնում ենք մեր աշխատանքները կատարելու»,–ասաց նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը այսօր` դեկտեմբերի 2–ին հայտնել էր, որ դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն ինչպես էսկալացիայի նվազեցմանն ուղղված, այնպես էլ խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանն առնչվող հարցեր։