ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ չէ, որ բուժապահովագրության համակարգը կներդրվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում, հատկապես`այն տեսքով, ինչպես ի սկզբանե մշակվել է։ Այդ մասին նա ասաց այսօր Աղվերանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նախարարը փորձեց բացատրել նոր նախագծի առավելությունները։
Նշենք, որ կառավարության կայքում արդեն հրապարակվել է համընդհանուր պարտադիր բուժապահովագրություն ներմուծելու նախագիծը, որը նախատեսում է բուժսպասարկումների համար պահել աշխատող քաղաքացիների աշխատավարձի 4-6 տոկոսը։ Նախագիծն արդեն դժգոհություններ է ծնել հասարակության մեջ, քանի որ աշխատողները չեն ուզում վճարել չաշխատող քաղաքացիների համար։
Թորոսյանի խոսքով` ներկայացված նախագծով ապահովագրական փաթեթը կներառի գրեթե բոլոր բժշկական ծառայությունները, բացառությամբ հազվագյուտ և Հայաստանում չանցկացվող պրոցեդուրաների։ Ծրագիրն իրագործելու և դրանում բոլոր քաղաքացիներին ներառելու համար պետք է մոտ 250-260 միլիարդ դրամ։
Այժմ ոլորտի բյուջեն կազմում է 120 միլիարդ դրամ, այդ միջոցները բավարար չեն երկրի բոլոր քաղաքացիների ապահովագրության ծախսերը ծածկելու համար։ Առողջապահության նախարարությանը պակասում է 140 միլիարդ դրամ, ուստի նրանք առաջարկել են յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պահել 4-6 տոկոս` անկախ աշխատավարձի չափից։
Հայաստանում ամենափոքր վարակակիրը 1 տարեկան է, կամ ՄԻԱՎ-ով էլ կարելի է առողջ երեխա ունենալ
«Մենք կարող ենք սկսել փուլային ապահովագրություն, սահմանել ցածր տոկոսադրույք և ավելի թեթև փաթեթներ տրամադրել, բայց դրանք պակաս արդյունավետ կլինեն», – նշեց նախարարը։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ եթե կարողանա համոզել կառավարությանն առողջապահության ոլորտին տրամադրել 20 միլիարդ դրամ, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանի բոլոր թոշակառուները կապահովագրվեն։ Եթե կառավարությունն առողջապահության ծախսերն ավելացնի 140 միլիարդ դրամով, ապա լրացուցիչ հարկի անհրաժեշտություն չի լինի։
«Այդ համակարգի ներդրումը կարևորագույն բարեփոխում կդառնա, որը թույլ կտա զգալի փոփոխությունների հասնել առողջապահության ոլորտում», – նշեց նա։
Թորոսյանը պատրաստ է շարունակել այդ թեմայով բանավեճը, շտկումներ կատարել և լսել բոլոր կողմերին։ Նա նաև հավելեց, որ առայժմ չի քննարկել նախագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որոնք հաճախ քննադատում են նրա նախագծերը, բայց արդեն խոսել է կառավարության անդամների հետ։
Ինչպես պարզվել է, ֆինանսական հատվածի նրա գործընկերներն այդքան էլ դրական չեն գնահատում այդ նախագիծը։ Նրանք առաջարկում են օգտվել մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից, բայց նախարարը դեմ է դրան` մի շարք հանգամանքներից ելնելով։
Նրա խոսքով` ապահովագրական ընկերությունները ֆինանսական նպատակներ են հետապնդում, իսկ առողջապահության նախարարությունը միտված է բնակչության առողջության բարելավմանը։ Երկրորդ` ապահովագրական ընկերությունները կառաջարկեն տարբեր ապահովագրական փաթեթներ, որի արդյունքում հասարակությունը կբաժանվի մի քանի խմբերի։ Իսկ Առողջապահության նախարարությունն ուզում է սահմանել միասնական համակարգ։
Գյումրու բոլոր ծննդատները կփակվե՞ն. Սրմաքեշը նորն է բացում
Բացի դրանից, Թորոսյանը նպատակահարմար չի համարում ապահովագրողների վարչական ծախսերը փակելը։ Հետևաբար, նախարարի կարծիքով` պետական կամ հասարակական հիմնադրամը կդառնա լավագույն և մատչելի լուծումը։
Տարեկան քանի երեխա է ՄԻԱՎ–ով վարակվում Հայաստանում. ինչպես է փոխանցվում վարակը
Նշենք, որ համընդհանուր բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգի համաձայն` աշխատավարձի 4-6 տոկոս հարկը ծրագրվում է ներմուծել 2022թ–ից։ Եթե, իհարկե, կառավարությունը, խորհրդարանը և քաղաքացիները համաձայնեն։ Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ 2021թ.–ից բոլոր աշխատող քաղաքացիների եկամտահարկը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 20 տոկոս. այսինքն` բնակչության 59 տոկոսի համար այն կնվազի 4 տոկոսով։