Ի՞նչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը. նախարարը մանրամասներ է հայտնել

Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ խաղաղությանը նպաստող միջավայրի հարցը կարևոր է հայկական կողմի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում Հայաստանի համար հավասարաչափ կարևոր են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմները։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասաց` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե երկու օր անց Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ինչ հարցեր են քննարկվելու։

«Բանակցություններում Արցախի ներգրավումը պրակտիկ նշանակություն ունի». Մնացականյան

ՀՀ ԱԳՆ–ն այսօր հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

«Ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հետ կապված` մենք մեկ միասնական փաթեթ ունենք։ Այդտեղ ներառված են ինչպես հիմնահարցի բուն կարգավորմանն առնչվող, այնպես էլ խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելուն ուղղված հարցեր։ Դրանք մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ»,–ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` հայկական կողմի գերակայությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը, և կարևոր է, որ այդ մոտեցումներն ունենան իրենց արտահայտությունը։

Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում

Հիշեցնենք` ԱԳՆ–ն այսօր հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում։

Նշվում է նաև, որ երկու երկրի դիվանագետների հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։