ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Սպառազինությունից բացի, բանակի համար ձեռք է բերվում մեծ քանակությամբ ավտոմոբիլային տեխնիկա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ներկայացնելով Զինված ուժերում իրականացվող դրական փոփոխությունները:
«Շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա»,– ասել է նա։
Ժամանակակից ճաշարան՝ բոլոր հնարավորություններով. Բակո Սահակյանն այցելել է զորամաս
Փաշինյանը նշել է, որ ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացվել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Ներկայում մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը։
«Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում»,– ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը կարևորել է նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման ծրագիրը։
«Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ, լուծենք համատեղ ուժերով»,–ասել է նա։
Փաշինյանի խոսքով` զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության, ժողովրդի, հայրենիքի ներկայությունը: Զինվորը դիրքում երբեք իրեն միայնակ պետք է չզգա:
Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ
«Ես նկատի ունեմ` մենք ասում ենք սնունդ, հագուստ, զենք, ենթակառուցվածքների բարելավում, տեսադիտարկման համակարգեր, այսօր դիրքերն ապահովվում են խմելու ջրով, և այդ պրոցեսը մեծ թափով ընթանալու է և ավելի մեծ թափ է ստանալու»,– նշել է նա։
ՀՀ վարչապետը խոսել է նաև զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձերի բարձրացումից, որը, նրա բնորոշմամբ, շատ էական բարձրացում է և ոչ խորհրդանշական:
Զինված ուժերում բարեփոխումների ծրագիրն, ըստ Փաշինյանի, դեռ չի ավարտվել և չի էլ ավարտվելու, քանի որ դա շարունակական ու անընդհատ գործընթաց է։
ՊՆ–ն զինվորների համար արդիականացված ճաշարաններ ու որակյալ սնունդ է փնտրում
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: